Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակի հասնենք»․ Արթուր Ոսկանյան

15:30, շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ.
«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակի հասնենք»․ Արթուր Ոսկանյան

Հուլիսի 14-ից 27-ը Երևանում տեղի կունենա ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է իր ակնկալիքների մասին․ «Հունիսի 26-ից պատրաստվում ենք: Տղաները հավատում են իրենց ուժերին, բոլորը ֆիզիկապես պատրաստ են, վստահ են իրենց վրա: Տղաները հասկանում են, որ Իսպանիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի հավաքականները գերհզոր են, սակայն մենք էլ տանն ենք խաղում ու պետք է ամեն ինչ անենք, որպեսզի տանը հաղթանակի հասնենք:

Ուշադրություն դարձրել ենք թե՛ տակտիկական, թե՛ հոգեբանական պատրաստության վրա: Մեր ֆուտբոլիստների մեծ մասը խաղում է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Վերջին շրջանում էլ նկատվում է, որ թիմերի մարզիչները, ակումբները չեն վստահում երիտասարդներին: Այդ ամենն էլ փոխանցվել է ֆուտբոլիստներին, ու նրանք էլ չեն հավատում, որ կարող են լավ խաղալ: 10-15 տարի առաջ Բարձրագույն խմբի թիմերում կային 17, 18, 19 տարեկան մի շարք ֆուտբոլիստներ:

Տարիներ առաջ, երբ մասնակցում էինք Մ19 եզրափակիչ փուլին, մեր հավաքականի բոլոր խաղացողները հանդես էին գալիս Բարձրագույն խմբում: Արդեն 16-17 տարեկանից խաղում էին Բարձրագույն խմբում, ինչը վստահություն էր տալիս նրանց: Այսօր մեր ֆուտբոլիստները չեն խաղում նման մակարդակում:

Մարզումների ժամանակ ուշադրություն էինք դարձնում ոչ միայն ֆիզիկական կամ տակտիկական որակներին: Ամեն երեկո ունեցել ենք քննարկումներ, տեսահոլովակների դիտում՝ աշխատելով հոգեբանական ուղղությամբ: Մարզիչներով և անձնակազմով ինչ-որ բան մտածում ենք ու փորձում ենք մոտիվացնել տղաներին: Մեզ չի հետաքրքրում, թե մեր մրցակիցները որտեղ են խաղում և որ առաջնությունում: Մեզ համար կարևորը մեր խաղն է: Դա տղաներին էլ եմ ասել: Ամենաառաջինը պետք է ունենանք թիմային խաղ և թիմային պաշտպանություն: Թող մեր դեմ խաղան լավագույնները, դա մեզ ավելի շատ փորձ կհաղորդի ու ավելի տրամադրված կխաղանք։

Բացի այդ, երկրպագուների աջակցությունը շատ է պետք: Հույս ունեմ, որ երկրպագուները մեծաթիվ կլինեն, և 12-րդ խաղացող կդառնան մեր հավաքականի համար»։

4162 | 0
Facebook