Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում

19:05, ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ.
Խոցելի խմբերի երեխաների աշխատանքները կցուցադրվեն Խնկո Ապոր անվան գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցը ներառել է ավելի քան 60 շահառուների:

Հունիսի 3-ին մեկնարկած ծրագիրը երեխաներին հնարավորություն է տվել ամառային արձակուրդը լցնել կրթամշակութային բովանդակությամբ: Հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներն անվճար հիմունքներով մասնակցում են ամառային դպրոցի կողմից առաջարկվող նկարչության, խեցեգործության, ուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին:

Ամռան ավարտին գրադարանում կկազմակերպվի նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես՝ խմբակ հաճախող երեխաների աշխատանքների ցուցադրությամբ: Թեման Թումանյանի գրական ժառանգությունն է: Երեխաները նկարում, կավից պատրաստում են Թումանյանի հեքիաթների հերոսներին, իրենք են հայտվում այդ հեքիաթների կերպարներում՝ թատերական խմբակի շրջանակում մարմնավորելով այս կամ այն հերոսին:

Երեխաները խմբակներ են հաճախում մեծ սիրով ու հետաքրքությամբ: Սա փաստեցին բոլոր 5 խմբակների մանկավարժները:

Տիկնիկագործության խմբակում, ըստ մանկավարժ Արմինե Արևշատյանի, 4 կարի տեսակ են սովորում, որպեսզի կարողանան տիկնիկ կարել:

Թատերական խմբակը ղեկավարում է դերասան Ստեփան Շահինյանը: Բեմադրում են Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» և «Սուտասանը» հեքիաթները: Երեխաները նշում են, որ բեմադրությունները շատ հետաքրքիր են անցնում:

Ստեփան Շահինյանի խոսքով՝ անցած մեկուկես ամսում երեխաները շատ են փոխվել. «Նախկինում ավելի կաշկանդված էին, հիմա ավելի «հանդուգն» են: Ցանկացած թատերական խմբակ տարեք երեխայի, ով փակ է, կաշկանդված, որոշ ժամանակ անց դառնում են անկաշկանդ: Կարող է առաջնորդ չդառնան, բայց դառնան մեկը, ում կարծիքը թանկ է կողքինների համար»:

Նշենք, որ մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն անցկացվում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

13963 | 0
Facebook