Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նպատակս աշխարհի ամենաուժեղ մարտիկ դառնալն է»․ Ալբերտ Ամիրջանյան

23:50, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
«Նպատակս աշխարհի ամենաուժեղ մարտիկ դառնալն է»․ Ալբերտ Ամիրջանյան

Հայ մուայթայ բռնցքամարտիկ Ալբերտ Ամիրջանյանն օրերս նվաճել է «ISKA Interkontinental» գոտին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է մենամարտի և մարզաձևն ընտրելու որոշման մասին։

«Մենամարտեցի ISKA գոտու համար և, ճիշտ է, հաղթեցի, բայց սովորականի պես հանդես չեկա՝ մի շարք պատճառներով՝ կապված առողջությանս և պատրաստությանս հետ։ Սովորաբար դիտարժան մենամարտեր եմ անցկացնում և վստահ հաղթանակ տոնում, բայց այս անգամ մեծ առավելությամբ չհաղթեցի։ Մենամարտից 3 շաբաթ առաջ բորբոքում ունեի և չէի կարող լիարժեք նախապատրաստվել մենամարտիս։ Դժգոհ եմ անցկացրածս մենամարտի որակից, ու ինձ հիմա չեմպիոն չեմ համարում։ Երբ կպաշտպանեմ գոտիս, ինձնից գոհ կլինեմ և շատ ուրախ։ Հիմա գլխումս միայն մեկ միտք կա. վերականգնվել և հնարավորինս շուտ ռինգ վերադառնալ` լավագույնս դրսևորելով ինձ»։

Ալբերտ Ամիրջանյան
Ալբերտ Ամիրջանյան
Խոսելով մարզաձևի ընտրության մասին՝ Ալբերտը նշեց․ «Մուայթայով սկսել եմ զբաղվել 18 տարեկանում՝ ընկերոջս հորդորով։ Նա պատմեց այս մարզաձևի մասին, որոշեցի փորձել և ինձ շատ դուր եկավ այն։ Ինձ հատկապես գերեց մարզաձևի կոշտությունը, դիտարժանությունը, այն, որ կարելի է հարվածել և՛ ձեռքերով, և՛ ոտքերով, և՛ ծնկներով․ դա ինձ շատ դուր եկավ։ Ապագայիս նպատակն աշխարհի ամենաուժեղ մարտիկ դառնալն է և այլ երկրներում երկրիս դրոշը բարձրացնելը։ Հենց դա էլ ինձ ստիպում է ամեն օր գնալ մարզադահլիճ և դառնալ լավագույնը։ Թեև ծնվել եմ Մոսկվայում, ցանկանում եմ մենամարտել Հայաստանի դրոշի ներքո, որովհետև ես հայ եմ և ցանկանում եմ բարձրացնել ազգիս դրոշը»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ալբերտը նշեց․ «Հաջորդ մենամարտս կանցկացնեմ սեպտեմբերին՝ Եվրոպայում (քաղաքը դեռ որոշված չէ), իսկ 6 ամսից կփորձեմ պաշտպանել գոտիս։ Մինչ այդ ուսումնամարզական հավաք կանցկացնեմ Թաիլանդում»։

4062 | 0
Facebook