Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին». ԱԳՆ խոսնակ

13:30, չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ.
«Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստին». ԱԳՆ խոսնակ

Այսօր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի պահվածքի վրա:

Նա նշեց, որ հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի պատվիրակությունը: Եվ այդ առնչությամբ հայկական կողմը, Նաղդալյանի խոսքով, դիմել էր ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանից ստանալու անվտանգության հավելյալ միջոցներ՝ ՀՀ պատվիրակության մասնակցության համար:

«Միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացմանը: Այս առնչությամբ, Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

5191 | 0
Facebook