Այսօր Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարությանը համալսարանի բացման գործում ցուցաբերած աջակցության համար:
«Նման համալսարաններն իրենց հետ Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ: Այդ փորձից օգտվելը մեզ համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է»,- ասաց նա:
Վարչապետը ելույթի ընթացքում հիշեց իր՝ բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ քաղաքացիները պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն. «Այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով շրջանավարտներին՝ վարչապետն ասաց. «Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ»:
2015 թվականին Երևանում իր գործունեությունն սկսած Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ: