Ռոբերտ Քոչարյանը՝ դատավարության, 4 միլիարդ դոլար ունեցվածքի և ԼՂ հարցի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքի եթերում անդրադառնալով նոր իշխանության վարած քաղաքականությանը, ասել է, որ նրանք փորձում են ժողովրդի մի զանգվածի ոչ առողջ պատկերացումներով առաջնորդվել, մինչդեռ դա երկիրը զարգացնելու տարբերակ չէ: «Մի կողմից ասում են՝ ներդրումներ բերենք, մյուս կողմից տեսնում ենք ինչպիսի հարձակումներ են կատարվում բիզնեսի վրա՝ ձերբակալություններ, աստղաբաշխական թվերով ակտեր, որը հետո արտադատարանական կարգով հարթվում է: Ցույց են տալիս լիբերալիստական են, զուգահեռ խիստ կոմունիստական վերաբերմունք ունեն սեփականության, բանկային գաղտնիքի նկատմամբ»: Անդրադառնալով ԼՂ հարցին՝ մասնավորապես տեսակետներին, թե իր հետ կապված դատական գործընթացը կապ ունի ԼՂ հարցի հետ, նշել է. «Ես բավականին լուրջ վտանգներ եմ տեսնում: Նախ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչպես կարելի է բանակցել՝ առանց բանակցության ռազմավարության, տեսլականի: Ինչպե՞ս կարելի է արդյունավետ բանակցել՝ չհասկանալով՝ ինչ ես բանակցում... ԼՂ-ն բեռ չէ, արժեք է, ու եթե «դուխով»-ը գլխարկիդ չի գրած, այլ ճակատիդ, պիտի լուրջ նպատակների հասնես... Իրենք ասում են՝ դատավարությունը քաղաքական չէ, եթե քաղաքական չէ, ո՞նց կարելի է Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը քաղաքական որակել: Դա անձնական միջնորդություն է, ոչ թե պաշտոնի. ԼՂՀ նախագահը նաև անձ է, չէ՞... Հավանաբար մի շարք հանգամանքներ բերում է իշխանությանն այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում: Իմ մոտեցումն Արցախի հարցի կարգավորման համատեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք դա տեսնում են ոչ հայանպաստ ուղով»: Անդրադառնալով նախագահության տարիներին կուտակած 4 մլրդ դոլար ունեցվածքի մասին լուրերին՝ Ռ. Քոչարյանը նշել է. «Իշխանություններն ունեն իմ անձնական հաշիվները, որոնք սառեցված են ու կարծում եմ՝ ՀՀ-ում քիչ մարդ կա, որ ունի թափանցիկ բանկային հաշիվներ: Վերջին 10-11 տարում մի ընկերությունում եմ աշխատում ու բավականին բարձր եմ վարձատրվում: Կրկնում եմ՝ ինչ ունեմ, թափանցիկ է, ոչ ստվերային»: |