Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետությունը պետք է ճանաչի, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում». «Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց

14:00, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Պետությունը պետք է ճանաչի, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում». «Էլեկտրիկ Երևան»՝ 4 տարի անց

«Ամենատարօրինակն այն է, որ հետհեղափոխական շրջանում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կասեցրեց «Էլեկտրիկ Երևանի» գործի վարույթը: Մենք այլ ակնկալիք ունեինք, որ այդ գործը շատ արագ կբացահայտվի: Երբ տեսանք, որ կասեցվում է, ստիպված եղանք լրագրողների շահերը ներկայացնելով դիմել դատախազություն և բողոքարկել ՀՔԾ որոշումը: Դատախազությունը կասեցրեց ՀՔԾ որոշումը՝ ի տարբերություն Սարի թաղի գործի».

հունիսի 24-ին Մեդիա կենտրոնում «Էլեկտրիկ Երևան. 4 տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նկատեց, որ 3-4 տարվա ընթացքում նոր կասկածյալ ու մեղադրյալ ի հայտ չեկավ: Նախորդ իշխանությունները խնդիր չէին դրել բացահայտել մեղավորներին: Իրավապահները փորձեցին սթափվել միայն 2016թ. իրադարձություններից հետո, երբ նախագահ Ս. Սարգսյանը ներողություն խնդրեց լրագրողներից: 4 ոստիկանի՝ ընդ որում ամենևին առաջնային դերակատարություն չունեցող, պատասխանատվության ենթարկելու քայլ արվեց:

Իրադարձություններում որպես տուժող լրագրող Թեհմինե Ենոքյանը հիշեցրեց, որ ՀՔԾ-ն կասեցումը հիմնավորել էր նրանով, որ որպես մեղադրյալ ներգրավելու համար անձինք չկան: Թ. Ենոքյանը սեփական հետաքննությամբ պարզել էր, որ կասեցման որոշման մեջ որպես տուժող ներ ներկայացվածների ցուցակում 52 անձի անուն էր նշված, այն պարագայում, երբ 250 հոգու էին բերման ենթարկել: Դա ըստ նրա՝ խոսում է այն մասին, որ քննիչը չէր բացահայտել մյուս տուժողներին, կամ չէին գրանցել ոստիկանական համակարգում:

Ըստ լրագրողի՝ ինքը նկարահանմամբ ֆիքսել էր քաղաքացիական հագուստով ոստիկանների դեմքեր, որոնք հիմա էլ աշխատում են վարչության պետեր և վերջիններիս տեղակալներ: Նրանց լուսանկարների նույնականացումը մի մեծ հոդվածի առիթ դարձավ, որը հետո հրապարակվեց: Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան լրագրողի հավաքած նյութերով դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական նոր գործ հարուցել: Մինչդեռ Գլխավոր դատախազությունը գործի քննությունը փոխանցել է այն նույն քննիչին, որը գործը ժամանակին քննել է:

«Ստացվում է, որ նույն քննիչը պետք է քննի իր կողմից չիրականացված գործողությունները: Այդ նույն քննիչը հարցազրույցներից մեկում ասել էր, թե փորձելու են բացահայտել հրաման տվողին: Կարծես թե նա անհայտ է: Լրագրող Հակոբ Կարապետյանի կողմից, որպես հրաման տվող, հնչել է Լևոն Երանոսյանի անունը: Պարզ է, որ եթե Լևոն Երանոսյանի անունից բարձրանանք, մինչև Վ. Գասպարյան կհասնենք: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանի հանդեպ, կթողնեմ իրավաբաններին»,- ասաց Թեհմինե Ենոքյանը:

Նախկին լրագրող, այժմ ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի («Իմ քայլը» խմբակցություն) անդամ Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ հետհեղափոխական Հայաստանում քրեական գործերի ելքով ունենք այն նույն իրավիճակը, ինչ ունեինք նախկինում:

«Ես վստահ եմ, որ քաղաքական իշխանությունը լրագրողների գործերը փակելու հրահանգ չի տվել: Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք ներքին օղակների հետ: Եվ նրանց հետ պետք է հարաբերվել այն տիրույթում, որ ստիպենք, որ իրենք զբաղվեն լրագրողների հարցերով»,- ասաց Թ. Թովմասյանը:

Նա խոստացավ թե՛ Էլեկտրիկ Երևանի, թե՛ Սարի թաղի գործով առաջիկայում քննարկումներ կազմակերպել:

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանն էլ այն գնահատականը հնչեցրեց, թե Էլեկտրիկ Երևանի գործն արդեն դուրս է իրավական հարթությունից, այստեղ պետք է քաղաքական գնահատական հնչեցնել:

«2018թ. ապրիլի իրադարձությունների ժամանակ նույն անձինք, ովքեր տուժող են ճանաչվել 2015 և 2016 թվականներին, և 2018թ. անազատության մեջ էին, զուտ հեղափոխական իրավիճակով պայմանավորված՝ ընդամենը մի քանի ժամերի տարբերությամբ ազատ են արձակվել: Կան վարչական դատարանի որոշումներ, որոնցով հստակ արձանագրվել է, որ հավաքների մասնակից անձանց ազատազրկումը, ոչ օրինական գործողությունների կիրառելիությունը պայմանավորված են եղել ոչ թե իրավունքի համաչափ սահմանափակման, այլ քաղաքական ենթատեքստով»,- ասաց նա:

Այս պարագայում իրավական գնահատական ակնկալելն իրատեսական չէ:

«Անձինք, ում մենք նույնականացրել ենք նույն 2016թ. բռնի գործողություններ տալու համար հրահանգներ տալու առումով, մեզ համար պարզ են, անձինք կրկնվում են: Չունենք ողջամիտ կասկածից վեր ապացուցման հնարավորությունը, որի շրջանակում հնարավոր լինի այդ անձանց մեղադրանք առաջադրել և այդ մեղադրանքը արդյունավետորեն պնդել դատարանում: Այստեղ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներն ու կառավարությունը մեծ անելիք ունեն:

Ակնկալիքն այն է, որ պետությունը ճանաչի, որ տեղի է ունեցել մարդկանց իրավունքների խախտում»:

2703 | 0
Facebook