Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էս արանքը Քոչարյանի գործը կարողացան հասցնել, Հրայր Քանդակիչի սեղանին դնել». Լևոն Բարսեղյան

10:35, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
«Էս արանքը Քոչարյանի գործը կարողացան հասցնել, Հրայր Քանդակիչի սեղանին դնել». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջը ՍԴ դիմողներն են որոշելու, թե ով է ՍԴ նախագահը:

Ուզում եմ հարցնել, թե ո՞ւր էին այժմ ողբ կապած այն հարյուրավոր սահմանադրագետները և իմաստունները, երբ սերժիկն իր գրագիրների հետ «սահմանադրություն» էր նկարում: Երբ օրը 50 անգամ ղժժում էինք, թե չի կարելի լուրջ ընդունել էդ սահմանադրությունն էլ, էդ հանրաքվեն էլ: Մեռանք ասելով՝ մի գնացեք քվեարկության կամ, թե գնում եք՝ ոչ քվեարկեք: Չէէէ, սերժիկը զորավոր էր, դրեց վզերին, գնացին, հորթի պես «այո» քվեարկեցին, թե բա՝ երկիրը դառնում է խորհրդարանական, հոր արև երդո՞ւմ էր կերել ... «Այո» քվեարկողներ ու տարբեր կոնֆետներով սսկված լռվածներ, ձեզ եմ դիմում:

Ո՞ւր էիք պարոնայք և տիկնայք, որ գիտակցության եք գալիս, երբ շատ կոնկրետ օրինակներով զգում եք, թե ինչպես են սերժիկները ձեր օգնությամբ հագել մեզ և ձեզ: Անգամ նկարել չեն իմացել, որովհետև մտածել են, թե հավերժաբար իրենք են գրելու, և թելադրելու, և մեկաբանելու, և լղոզելու, պատերին քսելու:

Ու մեկ էլ գալիս է մեկը, որ ուշադիր է կարդացել դրանց ապականությունները, մեջը լիքը ճեղք ու ճաք է գտնում, սկսում է քարուքանդ անել, և սկսում է հականեխումը՝ իր վարկածով: Սա իմ մեկնաբանությունն է Վահեի հայտարարության:

Քաղքենի ողբասացների մեկնաբանությունը հետևյալն է. Վահեն զավթում է ՍԴ-ն, Աստվա՜ծ իմ, ինչ է լինելու...:

Ինչ, վերջը քվեարկությա՞ն ենք դնելու՝ Վահեն ճի՞շտ է, թե՝ սխա՞լ: Առաջին անգամ չկա պաշտոնական ատյան, որ դա որոշի:

Կերակրատաշտից զրկվածներն, մեզ բռնաբարալու իրավունքը կորցրածները և տաքուկ տեղավորված քաղքենիք պնդելու են, թե Վահեն զավթել է ՍԴ-ն, հեղափոխականները պնդելու են, թե Վահեն սկսում է վերականգնել սահմանադրական կարգը ՍԴ ծավալով, ու դրանից բխած ծավալներով: Հրայր սերժաբարոն դեմքին Սոլոնի արտահատություն տված երկու ոտը մի կոշիկ դրած՝ գնալու է գործի այնքան, մինչև կա՛մ պատուհանների տակ հայտնի արտահայտությունը լսելուց խելագարվի, կա՛մ մինչև մարդամեկն ասի՝ իջի տղա ջան, մեր գնացքը գնացել է: Առայժմ դիմադրում է: Չի կռահել, որ իր քանդակած աղբի բերումով երկու իրարամերժ մեկնություն է ստացվել իր կարգավիճակի, իսկ այդ դրության մեջ հեղափոխությունը գերակա է: Հեղափոխությունը ժողովրդի կամքն է եղել, մինուս՝ անխուսափելի փոքրամասնության: Իսկ որ հեղափոխությունից ամենաշատը քաղքենիների երիկամներն են ցավում, նկատվել է բոլոր հեղափոխություններից հետո: Այսինքն՝ պիտի հասկանա, որ ինքը որքան էլ օգտվի ծառայողական գույքից ու ռոճիկ ստանա, հետզհետե ավելի ու ավելի է ուրվականանալու, Կաֆկայի անհայտ հերոսներից է դառնալու իր գործընկեր անդամների հետ: Չի հասկանա իհարկե, մյուսները՝ չգիտեմ:

Առաջին առարկայական օրինակները հայտնվելու են ՍԴ դիմողների գործողություններով. պատգամավորները, ԱԺ-ն, կառավարությունը, դատարանները, քաղաքացիները տեսնես՝ ո՞ւմ են դիմելու: Կկռահի՞ Հրայրը. իրե՞ն, թե՞ Վահեին՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները ստանձնածի:

Այ, այդ ժամանակ էլ կպարզվի, թե 2015-ին զոռով-շառով կոխացրած սահմանադրության ում մեկնաբանությունն է ճշմարիտ, կպարզվի հեղափոխությունը հասա՞վ ՍԴ, թե՞ նահատակվեց դրա պատերի տակ, այնտեղ, որտեղ Երանոսյան Նռնականետը փշալար էր քաշել տվել ու քրտնել էր սաստիկ: Իհարկե, էս արանքը, հասկանալի մեխանիզմ բանեցնելով՝ Քոչարյանի գործը կարողացան հասցնել, Հրայր Քանդակիչի սեղանին դնել: Բայց դա մանրուք է, կարծում եմ:

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի ՍԴ նախագահ»:

5893 | 0
Facebook