Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»․ Քոչարյանի պաշտպան

19:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»․ Քոչարյանի պաշտպան

«Դատարանն իր ապօրինի գործողությունների դեմ մեր իրավական քայլերը մեկնաբանեց որպես իրավունքի չարաշահում, որը դեռ իր հերթին չէր նշանակում, որ դատարանը կարող է հեռանալ խորհրդակցական սենյակ։ Եթե դատարանը տեսնում էր, որ չարաշահում կա՝ դրա ծայրահեղ միջոցը կարող էր գոնե սանկցիան լիներ։ Իսկ այսպես ստացվում է՝ դատարանը մի կողմին լսել է, մյուսին՝ ոչ։ Սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,- մեկնաբանելով դատարանի անսպասելի որոշումը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ չի կարող իրավական գնահատական տալ դատավորի գործողություններին․ ոչ թե նրա համար, որ չի կարող, այլ որ չի պատկերացնում նման գործողություններին ինչ անուն կարելի է տալ։

Լրագրողի դիտարկմանը, թե դատավորի հասցեին Քոչարյանի պաշտպանները վիրավորական արտահայտություններ հնչեցրեցին, ինչպե՞ս կմեկնաբանի այդ երևույթը, Հ․ Խուդոյանն ասաց, որ ինքն անձամբ չի լսել նման բան, բայց, ամեն դեպքում, ճիշտ չէ որևէ անձի հասցեին վիրավորական արտահայտություններ անել․ «Բայց և այնպես դատավորի նման վարքագիծն այնպիսի շոկի է ենթարկում մարդկանց, որ կարող են նաև չզսպել իրենց»,-պարզաբանեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ավարտին, դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատական ստուգումն այս պահին ավարտված է համարում և հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 25-ին։

5532 | 1
Facebook