MAMUL.am-ն ահազանգեր էր ստացել բնակիչներից առ այն, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում ժամը 00.30-ից հետո ուժեղ հրավառություններ են կատարվում:
Ինչո՞ւ է խախտվել քաղաքացիների գիշերային անդորրը, այս հարցով դիմեցինք ռեստորանային համալիրի տնօրինությանը: Համալիրի մենեջերը, որը ներկայացավ Դավիթ անունով՝ չբացահայտելով ազգանունը, ասաց. «Մեր ռեստորանում հրավառություն չի եղել: Մենք խստորեն պահպանում ենք օրենքով արգելված ժամերին հրավառություն չկատարելու պահանջը: Ինչպե՞ս ապացուցեմ՝ երդվելո՞վ, թե՞ այլ կերպ, պնդում եմ, որ հրավառություն չենք իրականացրել»:
Նշենք, որ ՀՀ ոստիկանությունն այցելել է տնտեսվարողներին և նախազգուշացրել ժամը 23-ից հետո հրավառություն չկատարելու օրենսդրական պահանջի մասին և նրանց կողմից գրավոր համաձայնություններ ստացել: Զգուշացված լինելու փաստը հաստատեց նաև «Հարսնաքարի» մենեջերը:
Հիշեցնենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համաձայն՝ ժամը 23.00-07.00-ը հրագործական արտադրատեսակներ օգտագործողը տուգանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100 հազար դրամով: Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է: