Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՈԿ նախագահը՝ երկու ռեկտորների և դատավոր Ազարյանի գիտական ատենախոսությունների գրագողության մասին

11:20, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
ԲՈԿ նախագահը՝ երկու ռեկտորների և դատավոր Ազարյանի գիտական ատենախոսությունների գրագողության մասին

Վերջերս ակադեմիական միջավայրում գրագողության հարցը շատ է քննարկվում: Մի քանի դեպքեր եղան բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև՝ դատական համակարգում աշխատողների շրջանում, մասնավորապես՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն էր տարածել Ռոբերտ Քոչարյանի գործից հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական ատենախոսության՝ արտագրված լինելու մասին: Դեպքեր եղան նաև գիտակրթական ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնող անձնաց շրջանում:

Այսօր՝ ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս հարցին՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նշեց. «Անցած տարի ես հայտարարել էի, որ երկու ռեկտոր կան, որ կոչման հետ կապված խնդիր ունեին և այժմ այդ երկուսն արդեն ռեկտորներ չեն. դիմում գրեցին, գնացին, երբ փաստերը նրանց դեմը դրեցինք»:

Նա ասաց, որ բարձրաստիճան ցանկացած անձ, լինի դա նախկին, թե ներկա իշխանություններից, եթե նման խախտումներ անի, ԲՈԿ-ը կձեռնարկի բոլոր միջոցները, որ ոլորտը մաքրվի:

Անդրադառնալով դատավոր Ազարյանի դեպքին՝ Գոգյանը նշեց, որ այդ պարագայում տիրապետելով այն փաստին, որ գրագողություն է արված, նույնիսկ որևէ ընթացակարգ և կամ պատժելու մեխանիզմներ չկան:

«Ոչ թե մենք նրանց ներում ենք, այլ պատժելու մեխանիզմներ չկան: Ստացվում է, որ ուղղակի բացահայտումներ ենք անելու ու դրանով ավարտենք ամենը: Եթե մարդուն ասում ենք՝ քո հանցանքը բացահայտվել է. երկու ընտրություն ունի, կամ կասի՝ «հա, ինչ անեմ», կամ էլ փորձի սահուն հեռանալ»,-ընդգծեց ԲՈԿ նախագահը:

Նա նշեց, որ այս դեպքում միայն բարոյական պատասխանատվություն կրելը լիարժեք չէ:

5266 | 1
Facebook