Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ». Արտակ Մանուկյան

17:35, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ԶԼՄ և ֆեյսբուքահայություն, քանի որ նկատում եմ, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա հայտնի «տնտեսագետները և/կամ փորձագետները» խոսում են ներդրումների գահավիժման մասին, հարկ համարեցի տեղադրել որոշ փաստեր, որոնք կարծում եմ` կփարատեն գահավիժման մասին պնդումները․․․ Իմ վերլուծության համար հիմք են հանդիսացել Կառավարության որոշումները, որով գերակա ոլորտներում ներկայացված ներդրումային նախագծերի շրջանակներում կազմակերպություններն ստանձնում են պարտավորություններ՝ ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման մասով, որի փոխարեն կառավարությունը ներմուծվող հումքը և սարքավորումն ազատում է մաքսատուրքից, ինչպես նաև մինչև 3 տարի ժամանակով հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը։ Ի՞նչ են ցույց տալիս այդ թվերը։ Եթե հիմք ընդունենք Կառավարության նիստերի ժամանակ ընդունված որոշումները ներդրումների առումով, ապա 2018թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ ակնկալվող ներքին ներդրումներն աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը` 4.5 անգամ։ Գիտեմ, կասեք` հնարավոր չէ։ Բայց մի շտապեք, ես կոնկրետ թվեր կնշեմ, որոնց իսկությունը ցանկության դեպքում կարող եք ստուգել․․․

1) Եվ ուրեմն` ի՞նչ արդյունք ունենք այս մասով 2019թ. հունվար-մայիսին.
     2019թ. հունվար-մայիսին գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 25 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերը` 2379: Ակնկալվող ներդրումների տեսանկյունից 2019թ. հունվար-մայիսին ամենախոշորը/կապիտալատարը եղել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում (Էֆարվի Մասրիկ ՓԲԸ՝ 57.9 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներգրավված աշխատողների տեսանկյունից ամենախոշոր նախագիծը տեքստիլ բնագավառում է (Ալեքս տեքստիլ ՍՊԸ՝ 400 աշխատակից)։ Կրկնում եմ` սա չի նշանակում նոր աշխատատեղի ստեղծում, որը կտեսնեք հենց 2019-ին, այլ նշանակում է աշխատատեղի ստեղծման պարտավորություն նախագծի իրականացման ժամանակահատվածում։ 2019թ հունվար-մայիսին տրամադրված արտոնությունների արժեքը կազմել է 87.4 մլրդ դրամ, որից 63.2 մլրդ դրամ` (72%) հումքի գծով։ Ներկրվելիք սարքավորումների արժեքը կազմել է շուրջ 24.2 մլրդ դրամ։

2) Ի՞նչ ունեինք 2018թ հունվար-մայիսին.
     2018թ. հունվար-մայիսին հաստատվել էր 11 ծրագիր, որի արդյունքում ակնկալվել էր գեներացնել շուրջ 35.3 մլն դոլարի ներդրում և 502 աշխատատեղ։ Պետք է նշել, որ 2019թ. հունվար-մայիսը 2018թ. հունվար-մայիսի համեմատ նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 7 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 4.7 անգամ։ 2018թ. հունվար-մայիսին ակնկալվող ներդրումների տեսանկյունից ամենախոշորը/կապիտալատարը եղել է տեքստիլ բնագավառում («ԷՅ ԲԻ ՍԻ տեքստիլ» ՍՊԸ՝ 22.7 մլն ԱՄՆ դոլար, ներգրավված աշխատողների տեսանկյունից ևս ամենախոշորն այս ընկերությունն է` 175 աշխատակից): 2018թ. հունվար-մայիսին տրամադրված արտոնությունների արժեքը կազմել է 12.8 մլրդ դրամ, որից 8 մլրդ դրամը (62%) հումքի գծով։ 2019թ. հունվար-մայիսին ներմուծվող հումքի մասով ցուցանիշը գերազանցել է 2018թ. հունվար-մայիսի համանման ցուցանիշը 8 անգամ, իսկ սարքավորումների արժեքը՝ շուրջ 5 անգամ։

Հ․Գ․ Այս վարժությունը միտում ցույց տալու նպատակ ուներ, որով հիմնավորվում էր, որ տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ, այլ ոչ թե ասում էր, որ ներդրումների ներգրավման մասով ամեն ինչ շատ լավ է․․․․Առանձնակի ուրախալի է սարքավորումների ներմուծման մասով աճը, որը հետագա աճի նախադրյալներ է ստեղծում․․․ Իհարկե, Կառավարության կողմից ներդրումների ներգրավման մասով աշխատանքների արդյունավետությունը բարելավման կարիք ունի (հատկապես արագ արձագանքման մասով), բայց ես ներկայացրեցի փաստեր, իսկ փաստերի մեկնաբանությունը թողնում եմ «տնտեսագետներին»։ Եթե շատ կզլանաք ինքներդ փաստերում համոզվել, կարող եմ նաև ներդրումային նախագծերի ցանկը հրապարակել․․․
     Հ․Գ․ 2. Փորձեմ ավելի իլյուստրատիվ տարբերակներով ներկայացնեմ ասածս․․․»:

2772 | 0
Facebook