Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քաղաքականությունն անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները». Տիգրան Գրիգորյան

23:05, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Քաղաքականությունն անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում 6 տարուց ավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ընթացքում մի պարզ ճշմարտություն եմ հասկացել` քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ուր ես գնում, այլև այն, թե ում հետ ես գնում։ Սա պրակտիկ ու բարոյական խնդիր է, որը կանխորոշում է յուրաքանչյուր քաղաքական գործընթացի արդյունավետությունը։

1. Եթե որոշում ես քաղաքական ուղի անցնել ուժերի ու անհատների հետ, որոնց հետ չունես նույն աշխարհընկալումն ու արժեհամակարգը, որոշումներ ընդունելու գործընթացը չափազանց բարդանում է։ Գործելու փոխարեն ստիպված ես լինում ժամերով/օրերով/ամիսներով քննարկել այնպիսի հարցեր, որոնց շուրջ ի սկզբանե կոնսենսուս պիտի լիներ։

2. Համագործակցությունը այն ուժերի ու անհատների հետ, որոնք նախկինում եղել են իշխող ռեժիմի կամակատարները, իր մեջ լուրջ իմիջային ռիսկեր է պարունակում և խոցելի է դարձնում նախաձեռնված քաղաքական գործընթացը։

3. Ոչ վստահելի ուժերի կամ անհատների հետ համագործակցությունը վտանգավոր է քաղաքական թիմում ներքին համերաշխության առումով։

4. Հայաստանյան փորձը ցույց է տվել, որ հաջողության կարող է հասնել միայն իշխանափոխությունից առաջ, իշխանափոխության ընթացքում և իշխանափոխությունից հետո մեկ միասնական օրակարգ ունեցող ուժը։

5. Քաղաքականության մեջ բոլոր միջոցները ընդունելի չեն։ Մակիավելիզմը անձնական ու խմբակային շահերի բավարարման համար արդյունավետ մարտավարություն է, բայց այն երկրի քաղաքական զարգացման համար կարող է կործանարար լինել։ Եթե նույնիսկ ամենավեհ նպատակի համար պատրաստ ես կոմպրոմիսի գնալ սկզբունքներիդ հետ, վերջում կարող ես դառնալ այն, ինչի դեմ պայքարել ես։ Քաղաքականությունը անբարոյականություն է միայն այն դեպքում, երբ քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները»:

3254 | 0
Facebook