Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Քրեակատարողական ծառայությունը 2016-2018-ին գնման մի շարք գործընթացներ իրականացրել է խախտումներով. ՊՎԾ

18:45, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Քրեակատարողական ծառայությունը 2016-2018-ին գնման մի շարք գործընթացներ իրականացրել է խախտումներով. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի ծառայությունը:

Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողությունը:

Իրականացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականների ընթացքում կազմակերպված մի շարք գնման գործընթացներ իրականացվել են այդ ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ մի շարք դեպքերում գնման առարկաներն ու դրանց տեխնիկական բնութագրերը չեն եղել օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվել է տվյալ գնումը:

Հաճախ տեխնիկական բնութագրերերով ապրանքատեսակներին ներկայացվող պահանջները կրել են բարդեցված բնույթ, ինչի արդյունքում` ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից չեն ապահովվել հավասար պայմաններ գնման գործընթացին հնարավոր մասնակիցների համար՝ առաջացնելով մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտներ։

Միաժամանակ, որոշ դեպքերում բարձր որակական չափանիշեր պարունակող ապրանքատեսակները ձեռք են բերվել շուկայականից ակնհայտ ցածր գներով, ինչի արդյունքում առաջացել է ռիսկ, որ մատակարարների կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը մատակարարվել են տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքատեսակներ։

Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և կապալառու կազմակերպությունների միջև կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերին՝ պետք է փաստել, որ մի շարք դեպքերում աշխատանքները իրականացվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պահանջների խախտումներով, ինչի արդյունքում աշխատանքները կատարվել են անորակ, իսկ օգտագործված նյութերը չեն համապատասխանել պայմանագրով սահմանված չափանիշներին:

Խախտումներ են արձանագրվել նաև բուժսպասարկման ոլորտում, մասնավորապես՝ դեղորայքի և բժշկական այլ պարագաների գնման՝ պլանավորման և ձեռքբերման, դրանց հաշվառման, բաշխման, պահպանման, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ոլորտներում։ Որոշ ՔԿՀ-ներում արձանագրվել են նաև անորակ և ժամկետանց դեղերի առկայություն։

Ամփոփելով վերոգրյալը անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից 2016-2018 թվականներին կազմակերպված և ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ուսումնասիրության առակա հանդիսացած գնման գործընթացներում թույլ են տրվել տվյալ դաշտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք նորմերի խախտումներ, որոնք առաջացրել են պետական միջոցների անարդյունավետ օգտագործման ռիսկեր։

Ուսումնասիրության արդյունքներն ամփոփող տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

| | |
694 | 0
Facebook