Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն ունի մի շատ կարևոր դրական կողմ». Արման Բաբաջանյան

16:45, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
«Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն ունի մի շատ կարևոր դրական կողմ». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իզմ»-երից հրաժարվելու անդառնալի հետևանքների և դրական կողմի մասնին. մեծ սպասումներ չունեի, միայն հույս, որ հեղափոխությունից մեկ տարի անց պրակտիկ քաղաքականության մեջ գտնելու իրողությունը քաղաքական հասունության պատճառ կդառնա։ Ավաղ․․․ «Իզմ»-երի նկատմամբ իշխող կուսակցության առաջնորդի անտագոնիստական վերահաստատումը Հայաստանին նոր՝ ներքին և արտաքին մարտահրավերների առաջ է կանգնեցնելու, որոնցից ես առավելապես կանգ կառնեմ արտաքին վտանգների վրա, բայց նախ անդրադառնամ ներքին ասպեկտին․ «իզմ»-ը չափազանց կարևոր է երկրի կառավարման, ժողովրդավարության, կոռուպցիայի, օլիգարխիայի, մենաշնորհների և հանուն ու ընդդեմ բոլոր պայքարների ու ընդհանրապես վարքաբանության, կանխատեսելիության առումներով՝ հասկանալու համար, թե որքանով են երկրում հեղափոխությամբ սկիզն առած փոփոխությունները երկարաժամկետ, հաստատուն և կայուն։ Հայաստանի իշխանության ղեկին գտնվող «իզմ»-եր մերժող քաղաքական ուժի կառավարությունն այսուհետ առավել ևս թող հույս չունենա, որ որևէ լուրջ երկրի ձեռնարկատեր, ներդրող երկարաժամկետ որևէ ծրագիր կպլանավորի մեր երկրում։ Չի կարող հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, պայքարը կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ կախված լինել մեկ մարդու կամքից՝ առանց դրա համար անհրաժեշտ գաղափարական արմատի և ոռոգման։ Չեն կարող երկրում ազդարարված ընդդեմ և հանուն պայքարները հաջողել, եթե դրանք չեն բխում իշխանության վրա գտնվող քաղաքական ուժի քաղաքական հավատամքից և գաղափարախոսությունից։ Իշխող ուժի այսօրվա համագումարում «իզմ»-երից հրաժարվելու մասին վերջնական ամրագրումն իշխանական կուսակցությանն ու նրա առաջնորդին թույլ է տալու հետայսու կամաց-կամաց քաղաքական ընդդիմախոսների և հակառակորդների դեմ պայքարում լինել ավելի ազատ՝ գործի դնելով իշխանության ձեռքի տակ առկա զինանոցի ավելի լայն գործիքակազմ։ Որևէ իզմի հավատարիմ չլինելու մասին այսօրվա ամրագրումը նաև դրա մասին է, կամ դրա նախերգանքը․․. Բայց սա ոչինչ։ Այսօրվա ելույթում «իզմ»-երից հրաժարվելու վերաբերյալ վարչապետի վերահաստատումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության և, առհասարակ, մեր երկրի արտաքին հարաբերությունների վրա։ 2016-ին Բրեքզիթից հետո արտահամակարգային Թրամփի, եվրոպական մեկ-երկու երկրներում և առանձին քաղաքներում պոպուլիստական ուժերի հաղթանակը, Հայաստանում Փաշինյանի և Ուկրաինայում Զելենսկու ընտրություններով այդ շրջափուլը կարծես փակվում է, որի ապացույցը Եվրոխորհրդարանի ընտրություններն են՝ մասնակիցների ակտիվությունն ու հաղթած դասական քաղաքական ուժերի տոկոսներն ու դասավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն և խորացնելուն զուգահեռ մեր երկրի ազգային անվտանգության համալիրի կարևոր բաղադրիչ է նոր դաշնակիցներ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Աշխարհի որևէ երկրի համար դաշնակցային որևէ հարաբերություն հանգում է քաղաքական և արժեհամակարգային ընդհանրությանը կամ «իզմ»-ին։ Աշխարհի որևէ առաջնորդ որևէ երկրի՝ (եթե այդ երկիրը հարուստ չէ նավթի ու գազի պաշարներով) նույնիսկ ամենաժողովրդավար իշխանության հետ դաշնակցային կամ գործընկերային հարաբերություն հաստատելու որոշումը պայմանավորելիս առաջնորդվում է, իհարկե, շահերով, բայց այդ շահերի համալիրում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքական և գաղափարական ընդհանրությունը։ Որպես ապացույց կարող եմ վկայաբերել 90-94թթ․ արցախյան պատերազմում մեր հաջողությունը, երբ Հայաստանին թույլ տրվեց հաղթել թշնամուն, որովհետև օրվա իշխանությունն արժեհամակարգային միևնույն դաշտում էր միաժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ։ Չգիտակցել այս պարզ իրողությունները, նշանակում է՝ երկիրը շարունակել պահել անկայունության և տարերային զարգացումների մեջ։ «Իզմ»-երի մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, ունի մի շատ կարևոր դրական կողմ՝ այն հնարավորություն է ընձեռում Հայաստանում իշխանության գալու համար պայքարող քաղաքական սուբյեկտներին ավելի ու ավելի դառնալ գաղափարական, ավելի շատ ընդգծել քաղաքական ուղղվածությունն ու հավատամքը գաղափարական արժեքներին՝ այդպիսով ընդլայնելով ու մրցակցություն փնտրելով ու ստեղծելով ոչ թե պոպուլիստական տեքստերի, այլ գաղափարկների և արժեքներ միջև»։

11989 | 0
Facebook