Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե անգամ բոլոր դատավորները հրաժարական տան, վեթինգն անհրաժեշտ է լինելու». Նիկոլայ Բաղդասարյան

15:20, շաբաթ, 15 հունիսի, 2019 թ.
«Եթե անգամ բոլոր դատավորները հրաժարական տան, վեթինգն անհրաժեշտ է լինելու». Նիկոլայ Բաղդասարյան

Մայիսի վերջից հրաժարականներ են տալիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները: Մինչ այժմ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը, Արմեն Բեքթաշյանը: Արդյո՞ք սա նշանակում է, որ վեթինգը ներսից սկսված է, և առաջիկայում վեթինգի մասին օրինագիծը կարող է ավելորդ ու ինքնանպատակ դառնալ:

MAMUL.am-ն այս հարցով է դիմել է փաստաբան, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանին: Նա ասաց, որ վեթինգը կարող է ուղղված լինել և գործող, և նշանակվելիք պաշտոնյա անձին:

«Վեթինգի գործընթացը, ըստ իս, շատ կարևոր է, և եթե անգամ բոլոր դատավորներն էլ հրաժարական տան, դա անհրաժեշտ կլինի, որպեսզի մենք նոր նշանակվելիք դատավորների հարցում չսխալվենք: Եթե գործընթացը սխալ կազմակերպենք, չի բացառվում, որ մի վատը կփոխարինենք մեկ այլ վատով»,- ասաց նա: Բաղդասարյանի գնահատմամբ, ըստ էության, Բարձրագույն դատական խորհուրդն այլևս գոյություն չունի, նոր կազմ է ձևավորվելու:

Դիտարկմանը, թե վեթինգը մինչ այժմ ընկալվել է որպես մեկանգամյա գործընթաց, և ոչ ապագային միտված, Ն. Բաղդասարյանն ասաց. «Վեթինգն ավելի խորն է ուսումնասիրում տվյալ պաշտոնյայի կյանքն ու անցյալը: Կարծում եմ, որ շատ խորը ուսումնասիրության կարիք ապագայում չի լինի: Պետք է հասկանալ, թե այդ խորը ուսումնասիրության կարիքը կպահպանվի՞, թե՞ ոչ: Ապագայում հնարավոր է, որ կարիք չլինի նրան, ինչն անհրաժեշտ է այս փուլում: Այդ իսկ պատճառով էլ մարդկանց մոտ մեկ անգամյայի տպավորություն է ստեղծվում: Եթե մարդը նախկինում պաշտոն չի զբաղեցրել, նրա կոռուպցիոն կապերն ու անցյալը ստուգելու իմաստը չի լինում»:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ վեթինգի օրենքը գործելու է որոշակի ժամանակահատվածի համար. երբ այն սպառում է իր նպատակը, դրանով սպառվում են գործողությունները: Սակայն տվյալ օրենքի գործիքակազմը կարելի է ներառել գործող իրավական մեխանիզմներում: «Դիցուք, կոռուպցիայի հանձնաժողովը կարող է ավելի խորն ուսումնասիրել անձանց գործերը»:

Մինչ այդ նշվել էր, որ օրինագիծը գրեթե պատրաստ է, այդ դեպքում ո՞ր ժամանակահատվածի համար է այն գործելու: Ի պատասխան Ն. Բաղդասարյանն ասաց, որ օրինագծին դեռ ծանոթ չէ:

5426 | 0
Facebook