Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանվել Գրիգորյանն իր ենթակային հարկադրել է, որ վերջինը մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնի»․ դատախազ

12:05, երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ.
«Մանվել Գրիգորյանն իր ենթակային հարկադրել է, որ վերջինը մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնի»․ դատախազ

Ինչպես արդեն հայտնել էինք, Վերաքննիչ դատարանում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նիստի ժամանակ նշեց, որ նախաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանը զանգի միջոցով իր ենթակային հարկադրել է, որ վերջինս մեղքն ամբողջությամբ իր վրա վերցնի։ Նա նշել է, որ այդ փաստական տվյալները առկա են գործի նյութերում․ «Այո՛, Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, պետության համար որոշակի ծառայություններ է մատուցել, սակայն հերոսի համար պատիվ չէ առերևույթ կատարել այնպիսի արարքներ, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքով։ Մենք իրավական դաշտում ենք աշխատում և յուրաքանչյուր ոք հավասար է օրենքի առաջ. թե՛ շարքային քաղաքացին, և թե՛ հերոսը»,-ասաց նա։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հիվանդություններին, Գրիգորյանի պաշտպանների այն պնդմանը, թե Գրիգորյանը տառապում է քաղցկեղով՝ Դոլմազյանը նշեց, որ հինգ տարի առաջ Մանվել Գրիգորյանը թոքի վիրահատության է ենթարկվել և համաձայն բժշկական եզրակացության՝ նրա մոտ քաղցկեղը չի կրկնվել։

«Եզրակացության մեջ նշվում է, որ ուռուցքային հիվանդությունը համարվում է ապաքինված, եթե հիվանդության կրկնություն չի եղել»,- նշեց նա։

Դատախազը հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և օգտվել բժիկների հատկացրած դեղորայքից՝ նշելով, որ պետությունը պարտավար չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։

«Մանվել Գրիգորյանը գիտակցաբար այդ դեղորայքը չի ընդունել՝ իր վրա կրելով այն բոլոր ռիսկերը, որ կարող էին առաջանալ»,- ասաց նա։

Դատախազի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն անփոփոխ թողնելու առաջին ատյանի դատարանի մայիսի 2–ի որոշումը օրինական է և հիմնավոր, ուստի պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժման է ենթակա։

5947 | 0
Facebook