Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. կդիմանա՞ իշխանությունը դրա գայթակղությանը. «168 ժամ»

09:30, երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ.
Բենզինի բիզնեսը յուղոտ պատառ է. կդիմանա՞ իշխանությունը դրա գայթակղությանը. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։

Առաջվա նման, գներն անհասկանալի բարձրանում և իջնում են, դա տեղի է ունենում միաժամանակ բոլորի մոտ, ինչպես նախկինում էր, շուկայում մրցակցային երևույթներ չեն նկատվում։ Իսկ այն, որ կենտրոնացվածությունը նվազել է, խոշոր խաղացողները կորցրել են զբաղեցրած դիրքերը, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Այն, ինչ ասվել է, իրական պատկերը չէ։

Ըստ էության, միտումնավոր խեղաթյուրվել են փաստերը և ներկայացվել միակողմանիորեն։ Թե ինչո՞ւ, հավանաբար դժվար չէ կռահել։ Սակայն ամեն ինչ՝ ըստ հերթականության։

Մենաշնորհների դեմ պայքարի մասին խոսելիս մեկ անգամ չէ, որ կառավարությունը հպարտացել է, թե շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ հաջողության է հասել։ Մի շարք գերկենտրոնացված շուկաներում խոշոր խաղացողների մասնակցությունն էապես նվազել է։ Որպես օրինակ՝ սովորաբար բերվում է շաքարավազի, բանանի և բենզինի շուկաները։ Սրանք այն շուկաներն են, որոնք միշտ էլ առանձնացել են բարձր կենտրոնացվածությամբ։

Տարիներ շարունակ ընդունված է եղել ասել, որ այդ շուկաներում գներն արհեստականորեն բարձր են ձևավորվում։ Այնպես չէ, որ այդ խոսակցություններն անհիմն են եղել, չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդպիսի դեպքեր երբևէ չի բացահայտել։ Թերևս դա է պատճառներից մեկը, որ Հանձնաժողովի գործունեության նկատմամբ միշտ էլ հասարակության վստահությունը ցածր է եղել։

Ի՞նչ կփոխվի առաջիկայում, դեռ վաղ է ասել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3757 | 0
Facebook