Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Տնտեսական հեղափոխությունն ընդամենը միֆ է. «Ժամանակ»

10:50, շաբաթ, 01 հունիսի, 2019 թ.
Տնտեսական հեղափոխությունն ընդամենը միֆ է. «Ժամանակ»

«Արդեն տևական ժամանակ է, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը խոսում են տնտեսական հեղափոխության մասին, բայց այդպես էլ պարզ չի դառնում, թե ի վերջո ինչի մասին է խոսքը։ Այլ խոսքով ասած՝ հիմնական հարցադրումները սրանք են․ ի՞նչ նկատի ունի կառավարող ուժը «տնտեսական հեղափոխություն» եզրույթը կիրառելիս, ի՞նչ բովանդակություն է դրա տակ թաքնված, ո՞րն է նպատակը, ո՞րն է դրան հասնելու գինը, միջոցը, գործիքակազմը։

Եվ վերջապես ամենակարևորը․ ինչպիսի ապագա ենք երկարաժամկետ հեռանկարում մենք կանխատեսում, ի՞նչ կարող է հանրությունը ակնկալել պետությունից և հակառակը՝ ի՞նչ է պետությունը սպասում քաղաքացիներից։

Ինչպես տեսնում եք, սա հոդված է հարցադրումների մասին։ Նախադասություններն հարցական են, իսկ ապագայի նկատմամբ վերաբերմունքը՝ անորոշ։

Եթե փորձենք վերլուծել կառավարության և ընդհանրապես կառավարող ուժի գործունեության արդյունավետությունը, ապա առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալը․ Փաշինյանի կաբինետը նախաձեռնող ու խաղի կանոններ թելադրող քաղաքականություն իրականացնելու փոխարեն ստանձնել է դիտորդի և արձագանքողի դերակատարություն։ Այսինքն՝ տպավորությունն այնպիսին է, որ չկա գործունեության և կառավարման հստակ ռազմավարություն, չկան մարտահրավերների կանխատեսման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ։ Ընդհակառակը՝ կառավարությունն այս կամ այն մարտահրավերին արձագանքում է միայն դրա դրսևորման պահին կամ էլ հետո։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգը իրադարձային բնույթ ունի, իսկ այս տրամաբանությամբ որոշումներն ու լուծումներն էլ պարտադրված կերպով կարճաժամկետ են ու այս կամ այն իրավիճակով պայմանավորված։

Ամբողջ խնդիրն այն է, որ պետությունը չի կարող տևական ժամանակ գործել այս փիլիսոփայությամբ՝ կարճաժամկետ քայլերով ու պահի ազդեցությամբ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3869 | 0
Facebook