Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վեթինգը պետք է տարածվի բոլոր պաշտոնյաների վրա, ներառյալ գործող կառավարության». Հայկ Գրիգորյան

10:05, շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.
«Վեթինգը պետք է տարածվի բոլոր պաշտոնյաների վրա, ներառյալ գործող կառավարության». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ մարդիկ ու որոշ ուժեր փորձում են անցումային արդարադատությունը ներկայացնել որպես հանրային հաշտեցման մեխանիզմ՝ հղում անելով անհայտ աղբյուրներին կամ անհայտ միջազգային փորձին։

Դասագրքային պարզ, հանրամատչելի աղբյուրները կարդալիս, պարզ է դառնում, որ անցումային արդարությունը որևէ կապ չունի հաշտեցման հետ։

Չգիտեմ, միգուցե նման սխալ թույլ տվողները սխալ են թարգմանել հանրային վստահություն (social or public trust) արտահայտությունը կամ գիտակցված իրենց խմբակային օրակարգն են առաջ մղում։ Հանրային վստահությունը որևէ կապ չունի հանրային հաշտեցման հետ։

Իրականում խոսք պետք է գնա հանրության աչքում իրավական ու քաղաքական գործընթացների, պաշտոնյաների ու ընթացակարգերի նկատմամբ հանրային վստահության ստեղծման կամ դրա բարձրացման մասին, ոչ թե հաշտվելու մասին։

Նախկին համակարգի կողմից թալանված հասարակությունը չունի իրեն թալանողների հետ հաշտվելու օրակարգ կամ նպատակ։ Հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ հաշտվում։ Որևէ մեկը իրավասու չէ երեսուն տարվա ընթացքում բյուջեից թալանվածը ներել թալանողին՝ դրա մի մասը վճարելու պայմանով։ Այստեղ փոխհատուցումը միակ նպատակը չէ, առավել կարևոր է հենց պատիժը, որ ապագայում այն բացառվի։

Անցումային արդարությունը բաղկացած է դատական ​​և ոչ դատական ​​միջոցներից, որոնք իրականացվում են մարդու իրավունքների ոտնահարման ժառանգության ունեցած երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերականգնման համար:

Նման միջոցառումները ներառում են քրեական հետապնդումը, ճշմարտության հանձնաժողովների ստեղծումը, փոխհատուցման ծրագրերի իրականացումը եւ տարբեր տեսակի ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Անցումային արդարադատությունն իրականացվում է բռնության և բռնաճնշումներից ազատագրված երկրում՝ քաղաքական անցումային շրջանում, հասարակական կայունությանը և հանրային վստահության վերականգնման, արդարադատության համակարգը վերանորոգելու եւ ժողովրդավարական կառավարման համակարգի ստեղծման նպատակով։

Անցումային արդարադատության հիմնական արժեքը արդարության հասկացությունն է, որը չի նշանակում միայն քրեական արդարություն։ Այն կարող է և պետք է ներառի օրենսդրական ու սահմանադրական արմատական բարեփոխումներ։

Օրինակ, եթե նախկին օրենսդրությունը թույլ է տվել, որ մի պաշտոնյան իր ընտանիքի անդամներով դառնար պաշտոնյա և թալաներ, ապա պետք է կանխել դրա կրկնության համար հիմքեր ստեղծող իրավական դաշտը։ Նույնը վերաբերում է Սահմանադրությանը։

Հաշտվելն այստեղ անելիք չունի։

Այդ իսկ պատճառով Ազգային առաջընթաց կուսակցությունը պնդում է, որ՝

1. Վեթինգը պետք է լինի գործընթացի սկիզբը, բայց տարածվի բոլոր պաշտոնյաների վրա, ներառյալ գործող կառավարության,

2. Վեթինգի արդյունքում բացահայտված հանցագործությունների մասով պետք է անպայման հարուցվեն քրեական գործեր և վերականգնվի պետությանը պատճառված գույքային վնասը

3. Վեթինգի արդյունքում բացահայտված չարաշահումների ու բացթողումները բացառելու համար պետք է իրականացվեն օրենսդրական ու սահմանադրական փոփոխություններ

4. Պետական ծառայողների հետ հանցավոր կապի մեջ եղած անհատները, այդ թվում՝ օլիգարխները և այլ անձինք, պետք է ենթարկվեն քրեական պատժի, և այդտեղ միակ բացառությունը պետք է տրվի նրանց, ովքեր ակտիվ կհամագործակցեն քննության հետ և կօգնեն հանցանքների բացահայտմանը, որի դեպքում նրանք կարող են ազատվել քրեական պատժից, բայց այնուամենայնիվ պետք է վճարեն պետությունից թալանածի առնվազն կեսը, եթե ոչ ավելին։ Այսինքն՝ քրեական պատժից ազատվելը վնասը փոխհատուցելու հետ չի կապվում միայն, այլ քննության հետ համագործակցելու հետ։

5. Անցումային արդարադատությունը պետք է տարածվի նախորդ երեք նախագահների շրջանի վրա, և ուղեկցվի լյուստրացիայով՝ քաղաքական ու տնտեսական»:

2859 | 0
Facebook