Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղարը հերքել է ՀԲՖ-ի հայտարարությունը

15:15, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղարը հերքել է ՀԲՖ-ի հայտարարությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հերքել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարությունը։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իրականությանը չհամապատասխանող հայտարարություն է տարածել:
     Երկու օր է՝ պասիվ եմ սոցցանցերում, իսկ այսօր առաջին գրառումը, որ կարդացի այդ հայտարարությունն է, որը մեջբերում եմ. «Մայիսի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրավիրել է խորհրդակցության բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին, որտեղ ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը»: Գրված է նաև, որ Հրաչյա Ռոստոմյանը մարզիչներին հորդորել է, որ Եվրոպական խաղերին մասնակցող թիմի մեջ ներառվեն բռնցքամարտիկներ, որոնք ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։ Հաջորդ մեջբերումը. «Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին»: Հայտարարության վերջում գրված է. «Հարգելի պաշտոնյաներ Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»։

Պաշտոնապես հայտարարում եմ՝ մայիսի 20-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը բռնցքամարտի մարզիչների հետ չի հանդիպել և, բնականաբար, նրանց հետ Եվրոպական խաղերին բռնցքամարտիկների մասնակցության ֆինանսավորման հետ կապված հարցեր չի քննարկել: Ավելին՝ պետական միջոցների օրինական և արդյունավետ տնօրինման և դրանց օգտագործման հաշվետվությունների վերաբերյալ հարցերը դուրս են մարզիչների հետ քննարկվող հարցերի շրջանակներից: Տեղեկացնեմ, որ Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարի և բռնցքամարտի մարզիչների հանդիպմանը մասնակցել է բռնցքամարտի պետմարզիչը, որը իր լիազորությունների շրջանակներում քննարկել է Եվրոպական խաղերին մարզիկերի նախապատրաստվելու ուսումնամարզական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հետ կապված հարցերը:

Ի՞նչ նպատակով է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տարածում այս ապատեղեկատվությունը և ինչու՞ է իր հիմնական գործունեությունը՝ մարզիկների համար բնականոն ուսումնամարզական գործընթացի ապահովումը թողած զբաղվում բանսարկություններով:

Սրանք հռետորական հարցեր չեն, և ես ակնկալում եմ դրանց պատասխանները»։

2035 | 0
Facebook