Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընթացիկ տարվա շինարարական աշխատանքերի մեկնարկը տրվել է Փարպի գյուղից. ՎիվաՍել-ՄՏՍ

14:20, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Ընթացիկ տարվա շինարարական աշխատանքերի մեկնարկը տրվել է Փարպի գյուղից. ՎիվաՍել-ՄՏՍ

Մետաղական վագոն-տնակներից, կիսակառույցներից և հուսահատությունից ընտանիքներին հանելու նպատակը շարունակում է իրագործվել՝ համակարգված ծրագրի տեսքով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնն» ընթացիկ տարվա շինարարությունն սկսել են Փարպի գյուղից: Կողմերի գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրն անապահով ընտանիքներին հնարավորություն է տալիս սեփական ուժերով, ինչպես նաև կամավորների աջակցությամբ՝ կառուցել հարմարավետ բնակարան: Ծրագիրն էապես նպաստում է այդ ընտանիքների կյանքի որակի բարելավմանը։
Կնյազյանները տևական ժամանակ՝ 20 տարի, ապրում են մետաղական վագոն-տնակում։ Նրանք այստեղ են տեղափոխվել ամուսնությունից հետո և ապրել տարրական պայմանների բացակայության պայմաններում: Ընտանիքի հայրը՝ Սերգոն, փորձել է տուն կառուցել, սակայն անավարտ շինարարությունը կիսակառույց պատերից այն կողմ չի անցել:
Ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու առկա բազմաթիվ խնդիրները հաղթել են գործադրվող ջանքերին: Ընտանիքը շարունակել է ապրել մետաղյա տնակում՝ փայփայելով մի օր տուն ունենալու երազանքը: «Ես և որդիս շատ ենք աշխատում ընտանիքի ամենօրյա կարիքները հոգալու համար։ Սակայն տան շինարարությունը շարունակել չենք կարողանում։ Ապրում ենք առանց որևէ պայմանների. տնակում չկա ո՛չ լոգարան, ո՛չ խոհանոց։ Միայն խոնավություն՝ անձրևից հետո, և սառը պատեր։ Ձեր աջակցության շնորհիվ կիրականանա ընտանիքիս՝ տուն ունենալու վաղեմի երազանքը»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սերգոն։

Գործընկեր կառույցների ղեկավարներն ու աշխատակիցները կամավորության սկզբունքով միացել են շինարարությանը՝ տուն կառուցող ընտանիքին վերադարձնելով լուսավոր ապագայի հույսը: «Սկսում ենք տարվա առաջին շինարարությունը: Այս ընտանիքի՝ տարիների սպասումն իրականացնելու են մարդիկ, որոնց միավորել է հայրենակցին օգտակար լինելու ցանկությունը: Դա ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկն է: Ուրիշին օգնելու սրտացավությունը, այդ հոգատարությունը, կամքն ու նպատակը շատ կարևոր են՝ կառուցվող տան համար: Համոզված եմ, որ դրական այս էներգիան ուրախությամբ ու լույսով է լցնելու տունը:

Եվ եթե բոլորը միավորվեն մեկը մյուսին օգտակար լինելու համար՝ լավ երկիր կունենանք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, Կնյազյանների ընտանիքը կզգա սեփական տանիք ունենալու բերկրանքը։ Անչափ կարևորում եմ նաև կամավորական աշխատանքներով աջակցություն ցուցաբերելը։ Մեր նպատակն է աջակցել տան կառուցման հարցում և ներշնչել հավատ՝ ապագայի հանդեպ»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

4956 | 0
Facebook