Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արարատ-Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

19:10, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
«Արարատ-Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, «Վերջին օրերին հայկական ֆուտբոլում ստեղծած իրադրության շուրջ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտնել հետևյալը.
     1. Մեր ակումբի ստեղծման առաջին օրվանից մեր թիվ մեկ նպատակն է եղել ոչ թե ամեն գնով տիտղոսներ նվաճելը, այլ, առաջին հերթին, հայկական ֆուտբոլի և Հայաստանի առաջնության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելը, նոր ֆուտբոլային մշակույթ ստեղծելը և առաջնության դիտարժանությունը մեծացնելը: Արդեն այսօր, կարծում ենք, կարող ենք փաստել, որ այդ ուղղությամբ արդեն մեծ քայլ ենք արել: Իսկ ինչ վերաբերում է մեր մարզական նպատակներին, ապա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի համար սկզբունքային է հաղթանակներ տոնել և տիտղոսներ նվաճել միայն առողջ սպորտային պայքարում:

2. Ինչ վերաբերում է այս օրերին շրջանառվող բազմաթիվ անհեթեթ բամբասանքներին և ամպագոռգոռ հայտարարություններին, մասնավորապես հնչած «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և անձամբ պարոն Արթուր Սողոմոնյանի կողմից, կապված «Լոռի» Ֆուտբոլային ակումբին դրամական պարգևավճարներ տալու հետ, ապա ցանկանում ենք ընդգծել, որ դա բացարձակ սուտ է: Դեռ ավելին, ունենալով տեղեկություն, որ «Փյունիկ» Ֆուտբոլային ակումբն ինքն է վերջին տուրերին պարգևավճարներ խոստանում մեր մրցակիցներին, հարիր չենք համարել դրա մասին խոսել, քանի որ յուրաքանչյուր ակումբ ինքն է որոշում, թե ինչ մեթոդներով է նախընտրում լուծել իր խնդիրները:

Փակելով այս թեման, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Լոռի» Ֆուտբոլային ակումբին ազնիվ ու արժանապատիվ խաղ ցուցադրելու, և արդար խաղի սկզբունքները չդավաճանելու համար: Այսօր, երբ որոշ մարդիկ փորձում են ստվեր նետել հայկական ֆուտբոլի բարի համբավի վրա, «Լոռի» ՖԱ-ն ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլը ճիշտ ճանապարհին է և ոչ ոք իրավունք չունի խաղալ հայկական ակումբների բարի անվան հետ: Կարծում ենք, որ «Լոռի» ՖԱ-ի դրսևորած մոտեցումը պետք է օրինակ դառնա հայկական բոլոր ակումբների համար:

3. Կապված մրցավարության հետ պետք է նշենք, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում մեր ակումբը բազմիցս տուժել է մրցավարների սխալ որոշումներից, և, չնայած դրան, մենք հասկանում ենք, որ դա ֆուտբոլի բաղկացուցիչ մասերից է, և նման դեպքերին միշտ արձագանքել ենք արժանապատիվ կերպով, և չենք փորձել մեղավորներ փնտրել այլ ակումբներում:

Միևնույն ժամանակ, ողջունում ենք ՀՖՖ որոշումը առաջնության վերջին տուրերի սպասարկումը վստահել օտարերկրացի մրցավարներին»:

3352 | 0
Facebook