Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվում է ցեմենտի վերաբերյալ նախագիծը. ի՞նչ փոփոխություն է կատարվել

10:40, չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.
ԱԺ-ում քննարկվում է ցեմենտի վերաբերյալ նախագիծը. ի՞նչ փոփոխություն է կատարվել

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում «Պետական տուրքի մասին» աղմուկ բարձրացրած նախագիծն է:

«Ի սկզբանե որոշված էր, որ ներկրվող ցեմենտի ու ներկրվող ցեմենտի հումքի վրա դրվի պետական տուրք՝ 22 հազար դրամի չափով: Հանձնաժողովի նիստում առաջարկել էինք կլինկերի նկատմամբ կիրառվող պետտուրքն ընդհանրապես չկիրառել, քանի որ կային փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել: Հարցն ուսումնասիրությունների կարիք ուներ, ստեղծեցինք աշխատանքային խումբ, հանդիպումներ ունեցանք ոլորտի ներկայացուցիչների հետ: Երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ եկել ենք որոշման, որը կներկայացնի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը»,- ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Նախարարը նշեց, որ շուկայում պետք է ապահովել մրցակցային պայմաններ, այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մաս ներկայացնող արտադրանքը կարողանա շուկայում վաճառվել նույն կերպ՝ ինչպես ներմուծվողը. «Առաջարկում ենք ցեմենտի ներկրման դեպքում սահմանել 14 հազար դրամ պետտուրք, սա տարբեր է 22 հազար դրամից: Առաջարկում ենք, որ սա ընդունվի ու մինչև 2020թ. ապրիլ գործի, հետագա որոշումները կկառուցենք դիտարկումների հիմքով»:

Ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահն ասաց. «Արդյունքում ունենում ենք 14 հազար դրամի պետտուրք՝ ՀՀ ներկրող ցեմենտի նկատմամբ, որն ուժի մեջ է մինչև եկող տարվա ապրիլ, ներկրվող կլինկերի նկատմամբ պետտուրք չի սահմանվում: Ընթացքում եթե շուկայում կլինեն փոփոխություններ՝ իրանական ցեմենտի հետ կապված, փոփոխություններ կկատարենք, պետք լինի՝ տուրքը կվերանայենք»:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ական պատգամավորները նախորդ քննարկման ժամանակ բողոքի ձայն էին բարձրացրել, որ եթե հումքի՝ կլինկերի վրա տուրք չեն սահմանում, ապա ցեմենտի տուրքն արդյունք չի ունենա. «Ցեմենտը հարկեցին՝ լավ է, գալիս է մյուս պրադուկտը՝ կլինկերը, և դուրս է գալիս, որ դրա էֆեկտը՝ ցեմենտը հարկելու, հավասարվում է զրոյի, որովհետև էդ խոշոր գործարանները, որոնք իրանք արտադրում են կլինկեր, այլևս ձեռնտու չի, խնդրում եմ ուշադրություն, ձեռնտու չի լինի, որ կլինկեր արտադրեն, իրանք էլ կլինկերը կբերեն, էդ վերջի փոքր աղալը, աղացն էլ կանեն, և արդյունքում՝ էդ ամբողջ ծավալի ինքնարժեքի ծախսերը, աշխատավարձերով, աշխատողներով, էդ ամբողջ աշխատանքը կխարխլվի, և արդյունքում մենք կունենանք աղացներ, մենք ցեմենտի կարողությունները կկորցնենք»,- ասել էր Միքայել Մելքումյանը:

Տեսանյութը՝ Factor.am-ի
| | |
1559 | 0
Facebook