Խնդրում ենք սպասել...

Համացանց

Զարուհի Բաթոյանի հայտարարությունը «Խուլերի միավորման» վերաբերյալ

19:35, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Զարուհի Բաթոյանի հայտարարությունը «Խուլերի միավորման» վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի «Խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը անկախ հասարակական միավորում է, և որևէ պետական մարմինի, այդ թվում` ԱՍՀՆ ենթակայությամբ չի գործում։ Ես որպես նախարարի տեղակալ 2018-ին հանդիպել եմ վիճող կողմերի հետ, որոնք բարձրացնում էին ՀԿ ղեկավարի լեգիտիմության և միավորման շենքի տնօրինման հարցը, հայտնել եմ մեր պատրաստակամությունը իրավական հարցերում խորհրդատվական աջակցություն տրամադրելու հարցում։

Ինչ վերաբերում է այսօրվա միջադեպին, ապա հիշեցնեմ, որ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները իրավունք ունեն բողոքներ, ակցիաներ և անհնազանդության գործողություններ իրականացնել Հայաստանում։ Ուստի կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը:

Լսողության խնդիր ունեցող քաղաքացիները, այդ թվում` բերման ենթարկված անձինք պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ իրենց իրավունքները պաշտպանելու համար, իսկ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն խուլ քաղաքացիների հետ հաղորդակցվելու համար։

Ոստիկանությունը պետք է ցուցաբերի առանձնակի զգոնություն` բացառելու որևէ խտրականություն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված իրավունքներն իրացնելիս: Մտահոգություններս փոխանցել եմ նաև Ոստիկանության պետ պարոն Օսիպյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում»։

2703 | 0
Facebook