Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը

02:10, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել հայ-ղազախական միջխորհրդարանական համագործակցությանը: Ազգային ժողովի նախագահը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ հետևողականորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը, ակտիվանում են միջպետական շփումները:

Կողմերն արձանագրել են ակտիվ փոխգործակցության պատրաստակամությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում եւ շեշտել փոխադարձ շահագրգռվածությունը երկկողմ տնտեսական համագործակցության հետագա արդյունավետ զարգացման հարցում:

Ըստ Արարատ Միրզոյանի՝ խորհրդարանական բաղադրիչն իր ուրույն դերն ունի հայ-ղազախական հարաբերություններում՝ նշանավորելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի դերը: Այս առումով օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ մոտ օրերս Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբերի անդրանիկ նիստը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպություններում: Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Ղազախստանի հայ համայնքի դերը երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքում: Մաժիլիսի նախագահը ներկայացրել է իր պատվիրակության կազմում ընդգրկված հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանին, որը Մաժիլիսի օրենսդրության եւ դատաիրավական ռեֆորմների հանձնաժողովի անդամ է: Շեշտվել է, որ Ղազախստանի 11 քաղաքներում գործում են հայերի մշակութային միություններ:

Նուրլան Նիգմատուլինը շնորհակալություն է հայտնել այս տարվա սեպտեմբերի 24-25-ին Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական երկրների խոսնակների համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը մեծապես կարևորում է այդ հարթակը և տեղեկացրել, որ հայկական կողմն առաջարկելու է հաջորդ նիստն անցկացնել Երևանում:

Նուրլան Նիգմատուլինը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այց կատարել Ղազախստան՝ երկխոսությունը շարունակելու նպատակով:

2212 | 0
Facebook