Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը». Նիկոլ Փաշինյան

12:20, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը». Նիկոլ Փաշինյան

«Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար ու սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի անունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ իր ելույթում: «ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է սա հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդրր է, բայց որ չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի գործելու բավարար լեգիտիմություն և որը սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ, բայց ցավոք չեմ կարող երաշխավորել, որ համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ նախկին կոռումպացված համակարգի կողմից»:

Փաշինյանը նշեց, որ հույս ուներ, թե բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց գործունեությունը և արժեհամակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից. «Նման բան, սակայն, տեղի չունեցավ ու դատական համակարգի վստահությանն արժանանալու հնարավորությունը համարում եմ սպառված: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը.

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները` առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի (վեթինգը դատական իշխանության բարեփոխման հատուկ միջոց է. vetting՝ անգլերենից թարգմանաբար նշանակում է զտում, ֆիլտրում, վերագնահատում-խմբ.)։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ պետք է հրաժարական տան, այդպիսով՝ կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին»:

Փաշինյանն անդրադարձավ նաև անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը:

| | |
3280 | 0
Facebook