Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօրվա ակցիայով ցանկանում ենք, որ դատական համակարգն առերեսվի ՀՀ-ում ժողովրդավարության անշրջելիության փաստին». Լենա Նազարյան

10:30, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Այսօրվա ակցիայով ցանկանում ենք, որ դատական համակարգն առերեսվի ՀՀ-ում ժողովրդավարության անշրջելիության փաստին». Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին և հեղափոխության բերած ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։ Դատարանները մնում են անվստահելի, առանց բացառության, ԲՈԼՈՐ կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։ Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները և դատական ողջ համակարգն առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական և խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին և դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ։ Կոչ եմ անում նաև ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների և դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որևէ անկարգության կամ սադրանքի չտրվել։ Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն»։

2484 | 0
Facebook