Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Բաց նամակ

«Պարոն վարչապե՛տ, դատարանների դռները փակելը քաղաքական սայթաքում է». Մարի Բարսեղյան-Խանջյան

10:15, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Պարոն վարչապե՛տ, դատարանների դռները փակելը քաղաքական սայթաքում է». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետին. «Երկրում իրադրություն է փոխվել: Եթե «մերժել ենք Սերժին», ուրեմն մերժել ենք Սերժի քաղաքական կնքահորը՝ նրան, ով Սերժին նախագահ դառնալու համար արյունոտ ճանապարհ բացեց, և մերժել ենք տնտեսական–օլիգարխիկ այն կծիկը, որ խճճել էր իր շուրջը այն ամենը, ինչը կնպաստեր պետության տնտեսական և ռազմական զարգացմանը: Հեղափոխություն նշանակում է՝ հեղել-թափել, դեն ածել, դեն գցել, այսինքն՝ այն, ինչը պիտանի չէ, վատն է, պետք է հետևողականորեն թափել, այնուհետև փոխել, նորոգել…Մինչդեռ մեր հեղափոխությունը, որ հենց սկզբից հիմնված էր կտրուկ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վրա, սկսեց թավշյա գործվածքի նման ծռմռվել, ծալծվել, ճմռթվել և իր ծալքերի առատությունից կորցնել թավիշի ողորկությունն ու հաճելիությունը: Ես իմ հոդվածներից մեկում /Մամուլ.am 16.10.2018թ./, որն ուղղված էր Ձեզ՝ պարո՛ն վարչապետ, պետական պաշտոնների Ձեր նշանակումների շրջանում, ես գրելեմ՝. «Պարո’ն վարչապետ, մեր երկրում, բարեբախտաբար, դեռ կան խիղճն ու ձեռքերը մաքուր մասնագետներ: Մեր երկիրը փոքր է, և մենք գրեթե բոլորին ճանաչում ենք հանվանե-հականե…Դուք դեռ ընտրություն եք կատարում, ժողովրդի խոսքով ասած` «հընդրուշքի», այսինքն` լավն ընտրելուց հետո մնացած փուչ ու սևացած, կոտրած լոբի-ձավարի միջից…Դուք, և մանավանդ մեր ժողովուրդը, տանուլ կտանք Թավշյա հեղափոխությունը: Մեր հեղափոխության հիմնական շարժիչ ուժը` երիտասարդները, չեն ների մեզ…Անսացե՛ք Ձեզ Մանդատ տված ժողովրդի ձայնը»: Իմ այս հորդորը հղել եմ Ձեզ անցյալ տարի ,բայց դուք շարունակեցիք հընդրուշկը թողնել պետական կառույցներում, մանավանդ դատական համակարգում: Չեն կարող դատավորները ազատ ու անկախ լինել այն պարագայում, երբ նրանք նշանակված են եղել նախկին նախագահների կողմից, և այդ դատավորներին բնավ էլ ձեռնտու չէ աշխատել ինքնուրույն, որովհետև նրանք այդպիսով զրկված կլինեն տարիների սովորույթի ուժով կաշառք վերցնել ու հնարավորությունից: Ռ. Քոչարյանի դատավարության ժամանակ դուք չմիջամտեցիք Ձեր՝ «հեռախոսային» իրավունքից օգտվելով, իսկ դատավորները, որ չստացան հրահանգ վերևից, ստացան վերաբերմունք կողքից: Եվ ունեցանք այն, ինչը հակասում է մեր հեղափոխության և, մեծ հաշվով, մեր երկրի քաղաքական կայունությանն ու ապագային: Ինչո՞ւ ուշացրեցիք դատական համակարգը ներսից բարեփոխելը…Այսօրվա իրավիճակը հղի է անկանխատեսելի շրդադարձով…Անկասկած է, որ ժղովուրդը տեր կկանգնի իր հեղափոխությանը: «Եթե մենք տեր չկանգնենք մեր հեղափոխությանը, կնմանվենք այն կնոջը, որը ոչ օրինական հանդիպումից երեխա է ունենում, բայց հասարակության կարծիքի ճնշման տակ, երեխային գցում է աղբարղկ: Մայրը մայր է մնում`անկախ նրանից, թե երեխան «զագսի» թղթի առկայությամբ է ունեցել, թե՞ սիրո հողի վրա: Իր երեխային աղբարկղ գցելուց հետո այդ կնոջ բարոյական վարքն ավելի է ընկնում, իսկ կորցրած զավակի ցավը նրան տանջելու է ամբողջ կյանքում: Ի՞նչ անենք, հայի հետին խելքից էլի տանջվե՞նք...Սթափվել է պետք...Թշնամին՝ դրսի և ներսի, չի քնում, նա իր շահերն է պաշտպանում և պաշտպանելու է...Իսկ մե՞նք՝ ժողովուրդն ու պետությունը, շահեր չունե՞նք...»:

Պարո՛ն վարչապետ, դատարանների դռները փակելը, այն էլ Ձեր հրահանգով, քաղաքական սայթաքում է, մի՛ գնացեք այդ ճանապարհով: Ձեր մանդատի ուժն ավելի մեծ է՝ ի դեմս մեր ժողովրդի աջակցության, պարզապես ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին այդ մանդատը կիրառե՛ք…Մենք իրավունք չունենք տանուլ տալու մեր անարյուն հեղափոխությունը, որը կարող է վերածվել արյունալի բախումների…Այդ մարդիկ, որ միլիարդներ ունեն կորցնելու, և սովորեն արյունահեղությամբ և դաժանություններով պաշտպանել իրենց իշխանությունն ու կուտակած ահռելի ունեցվածքը, կարող են կրկնել հոկտեմբերի 27, 2004 և 2008 թվականների բախումները…Մենք պատերազմի մեջ ենք. Թշնամին կարող է օգտվել մեր ներքին լարվածությունից…

Իմ և բազմաթիվ մայրերի հորդորն է Ձեզ՝ հետ կանգնեք դատարանների շրջափակման գործողությունից…»:

Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս

20.05.2019թ.

| | |
3016 | 0
Facebook