Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հենց սա էլ կկոչվեր հեղափոխություն». Վարդան Հարությունյան

00:45, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Հենց սա էլ կկոչվեր հեղափոխություն». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը փոթորիկ է առաջացրել։ Նրա փոքրաթիվ պաշտպաններն ապշել են ուրախությունից, իսկ հազարավորները՝ վրդովմունքից։ Հազարավորները ցանկանում էին ու ցանկանում են տեսնել Քոչարյանին ճաղերի հետևում, անգամ պատժաչափն են նշում՝ ցմահ։ Բայց ի՞նչ է մեզ պետք։ Տեսնել Ռոբերտ Քոչարյանին բանտո՞ւմ, թե՞ տեսնել մարտի 1-ը բացահայտված՝ բազմակողմանի ու լիարժեք։ Այնպես, որ էլ երբեք չկրկնվի։ Ի՞նչ ենք ուզում։ Վրեժ մե՞կ մարդուց, թե՞ իշխանական կամայականությունների, իշխանավորի օրինազանցության, սեփական անձը և սեփական թիմին օրենքից վեր ու օրենքից դուրս դնելու սովորության դատապարտում։ Այնպես, որ այլևս չկրկնվի։ Դեռ հայտին չէ՝ կլինի՞ Քոչարյանը կալանավորի կարգավիճակում, թե՞ ոչ։ Սա ապագան է ցույց տալու։ Այսօր խոսքը խափանման միջոցի մասին է։ Ես միշտ եմ կողմ եղել մեղմ խափանման միջոցներին։ Խափանման միջոցը չպետք է որպես պատիժ դիտարկել։ Սա սխալ մոտեցում է։ Բայց, անկասկած, լինում են ու կան դեպքեր, երբ դատարանը հանցանքի մեջ կասկածվող մարդու նկատմամբ պարտադիր պետք է կիրառի խափանման միջոց կալանավորումը։ Կարո՞ղ էինք արդյոք ակնկալել հայաստանյան դատարանից անաչառ դատավճիռ։ Մի այնպիսի դատավճիռ, որը կարող է և ոմանց չբավարարեր, բայց բոլորն ասեին՝ անկախ ու անաչառ դատարանի կայացրած դատավճիռ է, պետք է ընդունել ի գիտություն և վերջ։ Նման դատարան, ցավոք, չունենք։ Այս գործն էլ մեկ ավելորդ անգամ սա է ապացուցում։ Ըստ էության՝ չունենք արդարադատություն։ Այս դատարաններով ու այս դատավորներով չենք էլ ունենա։ Ոչ մեկ տարուց և ոչ էլ 10 տարուց հետո։ Որովհետև գործող դատավորները տարիներ շարունակ իշխանությունների հլու կամակատարներ են եղել, աշխատել են արդարադատության դեմ ու նրանց անցյալը կաշկանդում է նրանց։ Նրանք անաչառ լինել չեն կարող։ Նրանցից անաչառություն պահանջելը միամտություն է ու ինքնախաբեություն։ Արդարադատության չափորոշիչներին համապատասխանող դատարաններ ունենալու համար նոր իշխանություններն անցած մեկ տարվա ընթացքում իրենց առաջին ու կարևորագույն գործը պետք է համարեին մեկ մարդու պատվերով գրված, մեկ մարդու համար գրված, կեղծ հանրաքվեով ընդունված սահմանադրության վերացումը։ Նոր Սահմանադրությունը (այստեղ այս բառը մեծատառ է գրվում) հնարավորություն պետք է ընձեռեր նոր իշխանություններին ոչ թե դառնալ հնի հլու շարունակողը, այլ սկսել նոր տողից, փոխել եղած վատը։ Բոլոր բնագավառներում, այդ թվում՝ արդարադատության համակարգում։ Հենց սա էլ կկոչվեր հեղափոխություն։ Հեղափոխություն ասելով մարդիկ հենց սա են հասկացել։ Չի արվել և մենք քաղում ենք չարված գործի պտուղները։ Բայց սա հուսահատվելու առիթ չպետք է դառնա։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Պետք է հուսանք, որ իշխանությունները նույնպես ասվածի կարևորությունը հասկանում են։ Անցած այս մեկ տարին մեր երազած փոփոխություններն, իհարկե, չի գրանցել։ Բայց պետք է ընդունենք, որ այս մեկ տարին դեպի էլ ավելի մեծ փոփոխություններ տանող ճանապարհ է հարթել ու դուռ է բացել։ Անչափ կարևոր ձեռքբերում ունենք։ Եվ մեկ մարդու խափանման միջոցի ընտրության հարցը չպետք է ստվերի այդ ձեռքբերումը ու մեզ էլ հուսահատության գիրկը նետի»։

6464 | 0
Facebook