Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը` որակելով այն «սահմանադրական կարգը տապալելու կոչ»:
Ասուլիսի ընթացքում նա կոչով դիմել է պետության ղեկավարներին, իրավապահ մարմիններին:
Դիմելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ալումյանը ասել է. «Մեծարգո պարոն Սարգսյան, ես Ձեզ կոչ եմ անում կատարել սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունը, այն է` ապահովել սահմանադրական կարգը: Իսկ այն ինչ պարոն Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և այն ինչ հիմա ամբողջ ֆեյսբուքում իրենց կողմնակիցների կողմից տարածվում է և հավանության է արժանանում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ»:
Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` նա կոչ է արել Հայկ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. «Կոչ եմ անում հարուցել նաև քրեական գործ այն փաստի առթիվ, որ ոմն անձ փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ` իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով»:
Նա կոչով դիմել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետև այս հավաքի նպատակը խաղաղ նպատակ չէ. ակնհայտորեն այս հավաքի նպատակը հայտարարագրվել է որպես դատավորի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ: Եվ այս հավաքը ուղղակի իրավունք չունի տեղի ունենալ»:
Քոչարյանի պաշտպանը կոչով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կանխել սպասվող զարգացումները: «Թույլ չտալ, որ Ձեր կողմնակիցները, այդ թվում նաև` Ձեր անունից և առնվազն Ձեր թույլտվությամբ, կատարեն այն ինչ պարոն Հայկ Սարգսյանը նշել է իր կոչի մեջ:
Ալումյանը նաև կոչով դիմել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին, որ վերջինը կատարի ԲԴԽ-ի լիազորությունների մեջ մտնող իր պարտականությունները: