Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչ կխոսի Նիկոլ Փաշինյանը. նա դիպել է կարևորագույն՝ երկրորդ հեղափոխության կետին. «Ժամանակ»

10:05, շաբաթ, 18 մայիսի, 2019 թ.
Ինչ կխոսի Նիկոլ Փաշինյանը. նա դիպել է կարևորագույն՝ երկրորդ հեղափոխության կետին. «Ժամանակ»

«Կառավարությունում ներդրումային հարցերի վերաբերյալ ոլորտային խորհրդակցությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախարարների գաղափարական դերակատարման հարցին՝ նշելով, որ նախարարներն իրենց ոլորտներում պետք է լինեն գաղափարախոսներ: Նրա խոսքով՝ նախարարն անընդհատ պետք է մարդկանց հետ խոսի՝ բացատրելու համար կառավարության անելիքը, իրենց անելիքը, իր անելիքը: «Մինչև ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»,- հայտարարել է Փաշինյանը:

Հարցը խորքային իմաստով հույժ կարևոր է, կարևոր է ընդհանրապես և կարևոր է հատկապես հեղափոխական, հետհեղափոխական շրջանում: Այդ իմաստով, երբ խոսվում է կառավարության արդյունավետության մասին՝ որպես հեղափոխության կապիտալիզացիայի, ամրության և հանրային վստահության գլխավոր հիմքի, պետք է նկատի ունենալ ոչ միայն շատ կոնկրետ վիճակագրական արդյունքները, այլ նաև հանրության հետ հաղորդակցության բովանդակային տիրույթը: Որովհետև արդյունքները, վերջին հաշվով, անգամ բավականին ինտենսիվ աշխատանքի դեպքում, պահանջում են ժամանակ: Այդպիսին է տնտեսությունը. այստեղ արվող քայլերի զգալի մասը զուտ առերևույթ թողնում է հակասական տպավորություն, իսկ էֆեկտիվությունը զգալու համար՝ պահանջում ժամանակ: Ահա այդտեղ է, որ հեղափոխական իրավիճակներում գալիս է հանրության հետ հաղորդակցության խնդիրը՝ հանրամատչելի և առարկայական բովանդակությամբ, որի հիմքում հռչակագրայնությունը չէ, այլ մտածողության, մոտեցումների փոփոխության արժեհամակարգային և գաղափարական շատ կոնկրետ խոսակցություն:

Այդ կարևոր հարցն է բարձրացնում Նիկոլ Փաշինյանը նախարարների առաջ, բայց դա էլ ինքնին առաջացնում է հարցեր: Օրինակ՝ իսկ արդյոք կառավարության բոլո՞ր անդամներն են ունակ կատարել այդ իսկապես անհրաժեշտ և խորքային կարևորություն ներկայացնող առաքելությունը՝ լինել գաղափարախոսներ: Անշուշտ, այստեղ նաև պետք չէ բացարձակացնել խնդիրը. ի վերջո, կան նախարարներ, ոլորտներ, որտեղ գաղափարախոսական առաքելությունը գուցե անիրագործելի կամ թույլ իրագործելի է, սակայն բավական բարձր կարող է լինել զուտ կառավարչական արդյունավետությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5905 | 0
Facebook