Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

ՀՔԾ-ն արձագանքել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարությանը

20:05, ուրբաթ, 17 մայիսի, 2019 թ.
ՀՔԾ-ն արձագանքել է Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հայտարարության հետ կապված։

ՀՔԾ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է զինվորներին մասնավոր միջոցներից գումար բաժանելու հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որի ժամանակ նա որպես ապացույց ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթուղթը: Արամ Օրբելյանը, վկայակոչելով հիշյալ հանգամանքը, տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող էին մասնավոր միջոցներից գումարներ բաժանվել ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկագրով:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ միայն այն հանգամանքը, որ այդ գումարները հատկացվել են ՀՀ ՊՆ ձեւաթղթերի վրա կատարված նշումներով, դեռեւս չի նշանակում, որ դրանք պետական միջոցներ են հանդիսացել: Այն, որ հիշյալ դրամական միջոցները չեն հանդիսացել ՀՀ ՊՆ բյուջետային կամ արտաբյուջետային միջոցներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնվել է ՀՀ պաշտպանության նախարարի` 26.09.2018թ.-ի պաշտոնական գրությամբ:

Նշված գրության պատճենը առկա է դատարան ուղարկված գործում, ուստի այն հասանելի է նաեւ պաշտպանական կողմին, այդ թվում` Արամ Օրբելյանին /հատոր 36, գ.թ. 95/:

Հաշվի առնելով վերոգրյալը` մնում է միայն ենթադրել, որ պաշտպան Օրբելյանը կամ լիարժեք չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ էլ միտումնավոր փորձ է անում աղավաղված ներկայացնել քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, ուստի նրան հորդորում ենք իր պաշտպանական մարտավարությունն ընտրելիս այսուհետ ձեռնպահ մնալ նման գործելաոճից եւ չխեղաթյուրել քրեական գործի նյութերում առկա փաստերը»:

| | |
10910 | 0
Facebook