Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից
Մայիսի 16-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հանրահայտ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրեց Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։ Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է Հայաստանում. Երևանում ելույթ է ունեցել 2014 և 2016 թվականներին։ Նա նկատում է, որ մարդիկ այստեղ շատ ջերմ, սիրալիր և բացսիրտ են, և իր համար հաճելի է լինել մեր երկրում: Դաշնակահարուհին խոստովանում է, որ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն իր ամենասիրելի ստեղծագործություններից է։ Այն տասնամյակներ առաջ նվագել է դեռևս իր պապիկը բարեգործական համերգում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված մարդկանց։ Բաբորը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հիանալի հնչողություն ունեն: Շոպենի ստեղծագործության կատարման ժամանակ կարողանում են իսկապես լսել, հետևել և զգալ նույնիսկ իմ ամենափոքր տեմպային փոփոխությունները»,- ասում է դաշնակահարուհին: Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիր Ալեքսանդր Բորոդինի Երկրորդ՝ «Դյուցազնական» սիմֆոնիան, որը երկար տարիներ չէր հնչել Հայաստանում։ «Մեր ցանկությունն է կատարել սիմֆոնիկ երաժշտություն, որն իմ պատկերացմամբ չի կարող չհնչել, բայց Հայաստանում հազվադեպ է հնչում։ Այս ստեղծագործությունը բացառիկ սիմֆոնիզմ է պարունակում, շատ է կատարվում արտերկրում, շատ անվանի երաժիշտներ ձայնագրել են այն, և այժմ մենք այդ գեղեցիկ գործը ներկայացնում ենք երևանյան ունկնդրին»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ իրենք շատ ուրախ են նվագախմբի համերգաշրջանում Վալենտինա Բաբորին հյուրընկալելու համար։ |