Օրենսդիրների խումբը Կոնգրեսին օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն Թուրքիայի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, եթե վերջինը չհրաժարվի ռուսական С-400 հրթիռային համակարգերից: Այս մասին հաղորդագրություն էր տարածել ԱՄՆ արտաքին գործերի կոմիտեի պաշտոնական կայքը:
«Թուրքիան հին գործընկեր է, բայց հստակ ընտրության առջև է կանգնած: Եթե Անկարան շարունակի գնել ռուսական հրթիռային համակարգերը, Միացյալ Նահանգները պետք է անհապաղ պատժամիջոցներ կիրառեն և Թուրքիային հեռացնեն F-35 ծրագրից…Թուրքիան պետք է ընտրի՝ կամ Ռուսաստանի հետ համագործակցությունը, կամ էլ ՆԱՏՕ-ի գործընկերները: Հուսով եմ, որ Էրդողանը ճիշտ ընտրություն կկատարի: Դրանից է կախված մեր միության ապագան», - ասել է ներկայացված փաստաթղթի հեղինակներից Մայքլ Մաքքոլը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել С-400-ներից: