Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի պետական համալսարանը 100 տարեկան է

13:35, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
Երևանի պետական համալսարանը 100 տարեկան է

Մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է: 1919թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը: Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ՝ հասարակագիտական և բնագիտական: Իսկ արդեն 1921թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ՝ բնագիտական, արևելագիտական, տեխնիկական, մանկավարժական և խորհրդային շինարարության: Այնուհետև բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922թ-ի մարտին բացվեց նաև բժշկական ֆակուլտետը: Կառավարության 1923թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների: 1933 - 1934 ուսումնական տարում համալսարանում գործում էին տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և մանկավարժական ֆակուլտետները: 1934թ-ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, և նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` կենսաբանական և քիմիական ֆակուլտետների: Այսպիսով, 1935 - 1936 ուստարվանից համալսարանում ձևավորվում և սկսում են գործել ութ ֆակուլտետներ՝ պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական: 1945թ-ին բացվում և մինչև 1953թ-ը գործում է նաև միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1957թ-ին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվում է Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որը 1961թ-ին կրկին առանձնանում է: 1959թ-ին Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում և ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975թ-ին առանձնանում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Հատկապես 1960 - 1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաև անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ և այլն: 1991 թվականին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով: 1994թ-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1600 ուսանող: 1995 - 1996 ուսումնական տարին Երևանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգին: 90-ականների կեսերից մինչ օրս հետևողական աշխատանք է տարվել բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների և կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ: Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել և կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում: Համալսարանում գործում է նաև կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն` ասպիրանտական եռամյա կրթություն: Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ: Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 12 խորհուրդներ: Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 209-ը պրոֆեսորներ են, 601-ը` դոցենտներ, 396-ը` ասիստենտներ, 453-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 19 ակադեմիկոսներ և 18 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով: 2014թ. նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանը ՊՈԱԿ-ից վերակազմավորվել է հիմնադրամի: ԵՊՀ կառավարման նոր մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 29-ին: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ 2019 թ. հունվարի 22-ին խորհրդի նախագահ ընտրվեց ֆիզմաթ. գիտ. թեկնածու, «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը: 2006թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

5244 | 0
Facebook