Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ի 2019-ի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի պակասուրդ է առաջացել. կառավարությունը գումար կհատկացնի

00:10, հինգշաբթի, 16 մայիսի, 2019 թ.
ԱԺ-ի 2019-ի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի պակասուրդ է առաջացել. կառավարությունը գումար կհատկացնի

ՀՀ Ազգային ժողովի 2019 թվականի բյուջեում 892 մլն 628․9 հազար դրամի չափով պակասուրդ է առաջացել՝ պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ պայմանավորված:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված հարցերից մեկից: Չզեկուցվող փաթեթով հարցերից մեկով:

«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է 848 մլն 729.9 հազար դրամ, այդ թվում՝ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 403 մլն 152․9 հազար դրամ՝ պայմանավորված 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 94 մլն 309.7 հազար դրամ, «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301 մլն 802 հազար դրամ՝ 118 մլն 285.7 հազար դրամը պայմանավորված պատգամավորների թվի և 183 մլն 516.3 հազար դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ ,

«Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով 3 մլն 265․3 հազար դրամ, «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 46 մլն 200 հազար դրամ՝ պայմանավորված 27 պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված փոխհատուցման վճարի (16 մլն 200 հազար դրամ) և 25 պատգամավորի բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման (30 մլն դրամ) գումարներով,

«ՀՀ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառ­ման իրականացման համար «Վարչական սարքավորումներ» հոդվածով անհրաժեշտ է 43 մլն 899 հազար դրամ՝ որից 29 մլն 500 հազար դրամը համակարգիչներ և տպիչ սարքեր ձեռք բերելու և 14 մլն 399 հազար դրամն աշխատասենյակների կահավորման նպատակով:

Նշենք, որ բացի վերոնշյալը կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է նաև կառավարության պահուստային ֆոնդից 85 մլն դրամ գումար ՀՀ ԱԺ-ին տրամադրելու հարցը։ ՀՀ ԱԺ-ն տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով 4 ռենտգետային զննող սարք է ցանկանում ձեռք բերել, որոնցից երեքը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ:

2309 | 0
Facebook