Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՇՊՀ-ն այնքան չկա, որ պարոն վարչապետը զբաղվի մեր բուհի խնդիրներով». Գագիկ Համբարյան

02:25, երեքշաբթի, 14 մայիսի, 2019 թ.
«ՇՊՀ-ն այնքան չկա, որ պարոն վարչապետը զբաղվի մեր բուհի խնդիրներով». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շիրակի պետհամալսարանում «ժողովրդավարական» անարխիա է:

2019 թ-ի մարտի 11-ին Շիրակի Մայր բուհում երկրորդ անգամ տապալվեցին ռեկտորի ընտրությունները. ռեկտոր կրկին չընտրվեց:
     ՀՀ վարչապետին, որքան հասկանում եմ, բացարձակ չի հետաքրքրում ՇՊՀ-ում ստեղծված բարձիթողի իրավիճակը, որն օր օրի ավելի խայռատակ ձևեր է ստանում...
     ԿԳՆ-ում, որքան կռահում եմ, համոզված են, որ իրենց կողմից նշանակված ռեկտորի ԺՊ-ն տիրապետում է իրավիճակին, որը ֆանտաստիկայի ժանրից է:

Երբ սույն թվականի մարտին ռեկտորի ընտրությունները տապալվեցին, ՇՊՀ-ում գրեթե բոլորը հասկացան, որ այս հոգաբարձուների խորհրդով ռեկտոր չի ընտրվելու: Այդ իսկ պատճառով, եթե մարտի ընտրությունների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն էր, ապա մայիսի 11-ի ընտրությունների ժամանակ այն գրեթե դատարկ էր. 24 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհրդի 12 անդամները՝ 6 դասախոս և 6 ուսանող, ներկայացնում են համալսարանը: 6 դասախոսները ՇՊՀ-ի նախկին ռեկտոր, տխրահռչակ և վատահամբավ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ակտիվ ներկայացուցիչներն են: Նրանք կոնկրետ հետապնդում են մի խմբակի անձնական շահերը և նրանց բացարձակ չի հետաքրքրում ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակը և բուհի ապագան: 6 ուսանողներից 2-ը ևս ներկայացնում են Մինասյանի ֆան-ակումբը...

Ստացվում է՝ Սահակ Մինասյանը հոգաբարձուների խորհրդում ունի 8 ձայն: Ձայների այսպիսի տեղաբաշխումը թույլ է տալիս Մինասյանի ֆան-ակումբին իրականացնել այն ծրագիրը, որն առաջին անգամ պաշտոնապես Մինասյանի «աղանդի վկաները» բարձրաձայնեցին մարտին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ՝ ընտրությունները հետաձգելով մինչև 2019 թ-ի հոկտեմբեր ամիսը:
     Պետք է նշեմ նաև, որ այս բարձիթողի վիճակից փորձում են օգտվել նաև այլ ուժեր ևս: Գյումրիում տարածված լուրերի համաձայն՝ ՇՊՀ-ում ստեղծված իրավիճակն ամբողջությամբ համընկնում է գործող իշխանությունների ծրագրերի հետ, համաձայն որի` ՇՊՀ-ում ստեղծված «բարդակի» արդյունքում այն կփակվի, կմիավորվի մեկ այլ բուհի հետ, որի ռեկտոր կնշանակվի իշխանության հովանավորյալներինց ինչ-որ մեկը: Ի դեպ, ըստ լուրերի՝ այդ «մուտանտ» բուհի մեջ են մտնելու Գյումրիում գործող երևանյան բուհերի բոլոր մասնաճյուղերը ևս:

Որոշ ուժեր ՇՊՀ-ում ևս փորձում են օգտվել այս ամենից` հույս ունենալով, որ ապագայում կկարողանան մասնակցել ռեկտորի պաշտոնի մրցույթին և հաղթանակ տանել:

Մայիսի 11-ին տեղի ունեցած մրցույթը ցույց տվեց, որ եթե նույնիսկ աշխարհահռչակ ինչ-որ գիտնական իր թեկնածությունը դներ, ևս չէր անցնի, քանի որ նա չէր համապատասխանի հոգաբարձուների խորհրդի «բարձր» պահանջներին...
     ՀՀ վարչապետը մշտապես հայտարարում է, որ բուհերի խորհուրդները պետք է լինեն ապաքաղաքականացված: Սակայն, չգիտես՝ ինչու, հենց իր ստորագրությամբ է, որ իր 3 կուսակիցները՝ Սոֆյա Հովսեփյանը, Կարեն Սարուխանյանը և Լուսինե Առաքելյանը, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ են: ԿԳՆ-ի ամորֆ և անտրամաբանական դիրքորոշմանը չեմ էլ անդրադառնա, քանի որ այդ կառույցը մարզային դպրոցի հարց չի կարող լուծել, էլ չեմ ասում` ինչ-որ բուհում հարց լուծի: Իշխանությունների կողմից ՇՊՀ-ին տրված «ինքնավարությունը» բերել է նրան, որ Շիրակի Մայր բուհում ստեղծվել է բարձիթողի իրավիճակ, որը վերևներում փորձում են չնկատել: Այս ամենի հետևանքը կլինի ՇՊՀ-ի կազմաքանդումը...
     Հ.Գ. ՇՊՀ-ն այնքան չկա, որ պարոն վարչապետը զբաղվի մեր բուհի խնդիրներով: Պարոն Փաշինյանին ավելի հետաքրքիր է Չարենցավանի դպրոցներից մեկը և Ավշարի դպրոցը: Նրանք Երևանին ավելի մոտ են, քան մայրաքաղաքից 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շիրակի պետհամալսարանը»:

3466 | 0
Facebook