Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար

15:15, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքի բարձրացումից հետո չին- ամերիկյան բանակցությունները տապալվել են: Այս մասին հաղորդում է ABCNews-ը:

Ուրբաթ բանակցությունների ընթացքում որևէ համաձայնագիր չի ստորագրվել: Ժամեր անց, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնակի բարձրացրել է չինական ապրանքների ներմուծման համար նախատեսված մաքսատուրքը: Թրամփը Twitter-ում նշել է, որ աշխարհի երկու մեծագույն տնտեսությունների միջև գործարք կնքելու հարցում «շտապելու կարիք չկար»: Ավելի ուշ նա նույն հարթակում ավելացրել է, որ սակագների «փոխվել-չփոխվելը կախված է բանակցությունների հետագա ընթացքից»: Չինական Global Times թերթը, հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, գրել է. «Բանակցությունները չեն տապալվել: Երկու կողմերն էլ կարծում են, որ դրանք կառուցողական են, և շարունակելու են խորհրդակցությունները: Կողմերը պայմանավորվել են հետագայում հանդիպել Պեկինում»: Թղթակիցներին տված հարցազրույցի ընթացքում Չինաստանի փոխվարչապետ Լիու Հին ասել է. «Մեր սկզբունքների հարցում որևէ զիջումների չենք գնալու»:

Չինական պատվիրակության մեկնումից հետո, Թրամփի վարչակազմը դիմադրություն ցույց տվեց: Ուրբաթ երեկոյան ԱՄՆ առևտրի հարցերով ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարեց՝ «այժմ էլ Թրամփը կարգադրել է բարձրացնել մաքսատուրքերը 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար»:

Հիշեցնենք՝ կիրակի Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգթոնը մայիսի 10-ից կբարձրացնի 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10%-ից հասցնելով 25-ի:

6386 | 0
Facebook