Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով. «168 ժամ»

10:00, շաբաթ, 11 մայիսի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի հպարտ քաղաքացուն կերակրել իմիտացիաներով։ Այն 100 փաստերը, որոնք պաշտոնավարման մեկամյակի առիթով հրավիրված ասուլիսում բերեց վարչապետը, ոչ այլ ինչ են, քան հասարակությանը մոլորեցնելու հերթական փորձ։

Ի՞նչ մի հպարտանալու բան է խմելու ջրի սակագնի բարձրացումից խուսափելը, կամ, որ անապահով քաղաքացիների համար մի քանի դրամով հոսանքի ու գազի սակագին է իջել։

100 փաստ ասվածը, անշուշտ, գրավիչ է և տպավորող։ Բայց դրանից ինչքանո՞վ է փոխվել մարդկանց կյանքը։

Կամ՝ ի՞նչ ասել է՝ ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը։ Քիչ է մնում վարչապետը բացի պետական բյուջեն, հոդված առ հոդված կարդա ու հայտարարի, թե տեսեք՝ ինչ մեծ ձեռքբերումների է հասել իր կառավարությունը։

Բայց մի՞թե սրան էր սպասում հեղափոխության օրերին Հայաստանի հպարտ քաղաքացին։

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի բերած 100 փաստերի մեջ ոչինչ չկա այն մասին, թե վերջին մեկ տարում Հայաստանում քանի՞ տոկոսով է բարձրացել միջին աշխատավարձը կամ կենսաթոշակը։ Էդ որ այստեղ-այնտեղ աշխատավարձերն այդքան ճոխ-ճոխ ավելացել են, բա ինչո՞ւ միջին աշխատավարձի պատկերը գրեթե չի փոխվել։ Իշխանափոխությանը նախորդած երեք տարիներին Հայաստանում պաշտոնապես աշխատավարձ չէր բարձրացել, բայց միջին աշխատավարձի աճն այնքան էր, ինչքան հիմա է։ Ու սա մեծ ձեռքբերո՞ւմ է։

Կամ՝ 85 հազար կենսաթոշակառու-նպաստառուի նվազագույն կենսաթոշակ-նպաստ բարձրացնելու փաստն արձանագրելուց բացի, գուցե վարչապետը բարի լիներ ու հայտարարեր նաև, թե դրա արդյունքում Հայաստանում ինչքանո՞վ է աճել միջին կենսաթոշակը կամ նպաստը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը ոչինչ չի ասում այն մասին, թե այս ընթացքում ինչքանո՞վ է թանկացել կյանքը Հայաստանում։ Խոսքը պաշտոնապես հրապարակվող գնաճի ցուցանիշի մասին չէ։ Նորություն չէ, որ դրանով չի որոշվում կյանքի թանկացումը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3870 | 0
Facebook