Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 10 մլն մարդ է աջակցել Թրամփի իմպիչմենթի պահանջին

17:20, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Ավելի քան 10 մլն մարդ է աջակցել Թրամփի իմպիչմենթի պահանջին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը պահանջող միջնորդագրի տակ ավելի քան 10 մլն մարդ է ստորագրել: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից Ռաշիդ Թլաիբը և Ալ Գրինը միացել են ​​հասարակական շարժումների կոալիցիային, որպեսզի փաստաթուղթը փոխանցեն Կոնգրեսին: Այս մասին գրում է The Hill-ը:

Թրամփի իմպիչմենթի օգտին հանդես են եկել Need to Impeach, Free Speech For People, CREDO, MoveOn, Democracy for America, Women's March, Courage Campaign հասարակական կազմակերպությունները: Հինգշաբթի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Կապիտոլիումում, որտեղ նրանց միացել են կոնգրեսական դեմոկրատները:

«Ես միշտ ասում եմ մարդկանց, որ մենք իրենց ներկայացուցիչներն ենք: Իրենք մեզ պետք է ասեն, թե ինչ անենք»,- ասել է Թլաիբը: Մարտին նա իրավական հանձնաժողովին բանաձև էր ներկայացրել պարզելու համար, թե կարո՞ղ է Ներկայացուցիչների պալատը սկսել Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացը:

Նրա գործընկեր, դեմոկրատ Գրինը նույնպես հանդես է եկել իմպիչմենթի գործընթացը սկսելու կոչով. «Ես ասում եմ, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել այդ գործընթացը»:

Ավելի վաղ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Թրամփն, իր գործողություններով հանդերձ, արդեն իսկ սկսել է իմպիչմենթի գործընթացը: Փելոսին նաև մեղադրել է Թրամփին արդարությունը ոտնահարելու համար:

Չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեն մեղադրել է երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին Կոնգրեսին արհամարհանքով վերաբերվելու մեջ: Իրավական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը բացատրել է, որ Բարրը բազմիցս անտեսել է Կոնգրեսի կոչերը, հրաժարվել է տրամադրել կոնգրեսականների կողմից պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ մասնավոր դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետաքննությանը» վերաբերող զեկույցի մանրամասները: Բացի այդ, անդրադառնալով իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև ծագած հակամարտությանը, Նադլերը վստահեցրել է, որ երկիրը «սահմանադրական ճգնաժամ» է ապրում:

6382 | 0
Facebook