Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քերին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

10:55, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Քերին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին պետքարտուղար Ջոն Քերիին՝ Թեհրանի հետ բանակցությունների հարցում օրենքը խախտելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Թրամփի կարծիքով, Քերին խորհուրդ է տվել իրանական կառավարությանը չբանակցել Թրամփի վարչակազմի հետ:

ԱՄՆ նախագահը մեղադրել է Քերիին օրենքը խախտելու մեջ, որն արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ամերիկյան կառավարության անունից դիվանագիտություն վարել: Թրամփը գտնում է, որ Քերին իր պատիժը պետք է բանտում կրի:

«Անկեղծ ասած, նա պետք է պատասխանատվության ենթարկվի իր արածի համար, բայց իմ ժողովուրդը ոչինչ չի ուզում անել»,- հայտարարել է Թրամփը:

Ի պատասխան Թրամփի հայտարարությանը՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերին ասել է. «Այն ամենը, ինչ նախագահ Թրամփն ասել է, սխալ է: Նա սխալվում է փաստերի, օրենքների հարցում և, ցավոք, չգիտի, թե ինչպես կարելի է օգտագործել դիվանագիտությունն Ամերիկայի անվտանգությունն ապահովելու համար»:

Քերին նաև հիշեցրել է, որ հենց ինքն է օգնել միջուկային գործարքի հարցում համաձայնության հասնել և «լուծել հին խնդիրը»:

6095 | 0
Facebook