Վենեսուելայում ձերբակալվել է Գուայդոյի համախոհ խորհրդարանի փոխխոսնակը
Վենեսուելայի հետախուզական ծառայությունները ձերբակալել են ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի համախոհին: Այս մասին հաղորդում է BBC-ն: Էդգար Զամբրանոն՝ խորհրդարանի փոխնախագահը, հրաժարվել է դուրս գալ մեքենայից, արդյունքում հայտնվել է բանտում: Անցյալ շաբաթ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ռազմական ապստամբության փորձերից հետո սա ընդդիմադիր գործչի ձերբակալման առաջին դեպքն է: Խուան Գուայդոն ավելի քան 50 երկրների ղեկավարների կողմից ճանաչվել է ժամանակավոր նախագահ: «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար Կարլոս Պրոսպերին ասել է թղթակիցներին, որ նախքան Զամբրանոյի ձերբակալումը, ինքը հանդիպել է Ազգային ժողովի փոխնախագահին: «Նրա մեքենան շրջափակման մեջ էր: Նրանք (հետախուզության գործակալները) մեզ թույլ չտվեցին մոտենալ նրան: Մի բեռնատար մեքենա բերեցին, որ տանի նրա մեքենան»,- ասել է Պրոսպերին: Նա ավելացրել է՝ իրենք վստահ են, որ Զամբրանոյին տեղափոխել են քաղաքի կենտրոնում գտնվող El Helicoide տխրահռչակ բանտը. «Մենք նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ ոչինչ չգիտենք: Չգիտենք, թե ինչ է այս պահին կատարվում El Helicoide-ում»: Գուայդոն Twitter-ում անդրադարձել է Զամբրանոյի ձերբակալությանն՝ այն որակավորելով «անհեթեթություն»: Ձերբակալությունը տեղի է ունեցել Վենեսուելայի Գերագույն դատարանի վճռի հրապարակումից մեկ օր անց: Զամբրանոն և Ազգային ժողովի վեց պատգամավորներ մեղադրվում են ռազմական ապստամբությանը մասնակցելու մեջ:
|