Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա». Արթուր Վանեցյան

21:00, չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ.
«Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա». Արթուր Վանեցյան

Վերջերս համացանցում լուրեր էին տարածվել, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Հասարակության շրջանում տեսակետ էր տարածվել, որ դա Հայաստանում Ռուսաստանի ազդեցության արդյունքն է: Այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հերքեց այդ տեսակետը. «Նման բան չկա իրականության մեջ. 2015-ին Մուստաֆա Նայեմը, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ընդգրկվել է որպես անցանկալի անձ Հայաստանում և նրա մուտքին արգելք է դրվել:

Դա եղել է 2015 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի որոշմամբ, որը օրենքի շրջանակներում է և համաձայն օրենքում նշված կետերի՝ արգելափակվել է այդ մարդու մուտքը Հայաստան»,- ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով՝ իր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվելուց հետո շատ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստան վերաբացվել է. «30 հազարից ավելի մարդու մասին է խոսքը, որոնք դուրս են եկել այդ ցանկից իմ՝ տնօրեն դառնալուց հետո: Տեխնիկական վրիպակ է եղել և Մուստաֆա Նայեմը մնացել է այդ ցուցակում: Բայց ինձ զեկուցելուց հետո անմիջապես այդ հարցը լուծվել է»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Նա ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանում Ռուսաստանի կողմից որևէ ազդեցություն չկա:

«Դա Ռուսաստանի հետ որևէ կապ չունի: Ռուսաստանի Դաշնությունը համաձայն պայմանագրի` մասնակցում է համատեղ մեր սահմանների պաշտպանությանը, որի համար շատ շնորհակալ ենք»,-նշել է նա:

3252 | 1
Facebook