Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Սիսակ Գաբրիելյանը՝ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագծի մասին

00:15, երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Սիսակ Գաբրիելյանը՝ աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագծի մասին

Վերջերս ներկայացվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենսդրական նախագիծը, որի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը։ Այսօր Հանրայինի եթերում Սիսակ Գաբրիլյանն ասաց, որ աշխարհի շատ առաջադեմ երկրներում կան նմանատիպ մեխանիզմներ, երբ ուսանողը որոշակի աշխատաժամով, օրինակ` շաբաթական 15-20 ժամ աշխատելու դեպքում ընդհանրապես ազատվում է հարկերից: «Մեր տարբերակում մենք փորձում ենք ոչ թե պարզապես ուսանողին ազատել այդ հարկերից, այլ այդ հարկերի ազատումը փաստացի դարձնել ավելի թիրախային, ավելի նպատակային. այսինքն՝ ուսանողին ասում ենք՝ ոչ թե աշխատելու դեպքում դու եկամտահարկ չես մուծի, այլ մենք առաջարկում ենք այդ եկամտահարկը կուտակել և օրինակ՝ մեկ տարվա ընթացքում փոխհատուցել իրեն ուսման վարձի չափով»,- ասել է Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը շրջանառելուց ի վեր որևէ սահամանափակում չի դրվել: Սահմանափակում դեռևս չկա նաև բուհերի և ուսանողների մասով. «Ասեմ, որ ես և տիկին Մակունցը միտումնավոր ենք այսպես ընդլայնված շրջանառության մեջ դրել, որ կարողանանք բոլոր կողմերին լսել, հասկանալ»,- նշել է Գաբրիելյանը:

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ այդպես կրթության որակը կտուժի, պատգամավորը պատասխանել է. «Հիմնական մտահոգությունները երկու մասի էին բաժանվում, որոնցից մեկը կրթական որակն էր: Առաջադեմ մի շարք երկրներ, որոնք փայլում են իրենց կրթական համակարգով, ունեն նման համակարգեր և որևէ կերպ ո՛չ աշխատանքն է տուժում, ո՛չ կրթությունը: Մենք այստեղ փորձել ենք գտնել ոսկե միջինը, որ գոնե ինչ-որ կերպ նմանեցնենք այդ երկրների կարգավորումներին և կարողանանք խրախուսել աշխատող մարդուն կրթություն ստանալ, իսկ ուսանողին, ինչու չէ, խրախուսել աշխատանքը»:

2327 | 0
Facebook