Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՍԱՏՄ-ն այսօրվանից հայտարարում է անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

22:15, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
ՍԱՏՄ-ն այսօրվանից հայտարարում է անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին, ասել է, որ մոտեցումն ուսումնական գործընթացին արմատապես փոխվելու է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու: Ենթակառույցների բարելավման ուղղությամբ մյուս քայլը կլինի անասնաբուժական կլինիկայի վերազինումը և սիմուլացիոն կենտրոնի հիմնումը: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՍԱՏՄ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն վերապատրաստել մեր դասախոսներին, այլև հնարավորություն տալ մեր ուսանողներին գործնական պարապունքներ անցկացնել իրենց արդիական լաբորատորիաներում»,- ասել է պարոն Ուռուտյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում կարևորելու և առաջին անգամ պետական մակարդակով նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Կարծում եմ կկարողանանք ցույց տալ, թե ինչ է անասնաբուժությունը և երիտասարդների մեջ դեպի այս մասնագիտություն կսերմանենք այն սերը, որը մենք ենք ունեցել: Մենք պետք է հասնենք նրան, որ հասարակության բոլոր շերտերը հասկանան և կարևորեն անասնաբույժի դերն ու նշանակությունը մեր երկրի համար»: Մենք այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան՝ ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Գիտաժողովի ընթացքում գիտական շրջանակների ներկայացուցիչները ներկայացրել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես անդրադառնալով այն հիվանդություններին, որոնք ընդհանուր են մարդու և կենդանիների համար, ներակայացրել դրանց տարածման, կանխարգելման, բուժման վիճակագրությունը, խոսել արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին:

| | |
1118 | 0
Facebook