Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիները՝ կենսաթոշակ ստանալիս

05:05, ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ.
Ի՞նչ խնդիրների են բախվում քաղաքացիները՝ կենսաթոշակ ստանալիս

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Մարդու իրավունքների պաշտպանի 2018-ի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ: Մասնավորապես, տարեկան հաղորդման մեջ նշվում է՝
     1. առկա չէ ՀՀ կենսաթոշակառուի կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու՝ այնտեղ կենսաթոշակ նշանակելու համար, այնուհետև կրկին հետ վերադարձնելու դեպքում նախկին չափով և պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորություն:
     2. Առկա չէ մի շարք երկրների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում համապատասխան համաձայնագիր, որով կենսաթոշակի անցնելիս կհաշվարկվեր այդ պետություններում աշխատած ժամանակահատվածը:
     3. Առկա չէ աշխատանքային ստաժի հաշվառման արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա ապացուցման բեռը բաշխել կենսաթոշակային մարմնի վրա հավասարապես:
     4. Կենսաթոշակ նշանակելիս բավարար չէ իրականացվող պատշաճ վարչարարությունը, համապատասխան վերաբերմունքը և խորհրդատվությունը, ինչն ուղղակիորեն ազդում է կենսաթոշակի իրավունքի իրացման վրա: Ուսումնասիրելով արձանագրված խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է նաև լուծման առաջարկներ։

Մասնավորապես,
     1. անհրաժեշտ է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ կարգավորումներ նախատեսելով առ այն, որ կենսաթոշակային գործը Հայաստանի Հանրապետությունից այլ պետություն ուղարկելու, այնուհետև հետ վերադարձնելու դեպքում անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվի նախկին չափով և պայմաններով:

2. Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության հետ համապատասխան համաձայնագիր ունեցող երկրների շրջանակը:

3. Որպես առաջնային քայլ անհրաժեշտ է վերացնել 1992-ի հունվարից մինչև 2013-ի հունվարի 1-ն աշխատանքային գործունեությունը հաստատելու համար աշխատանքային գրքույկից բացի սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու պահանջն այն կենսաթոշակառուների համար, ովքեր նշված ժամանակահատվածում աշխատել են պետական հաստատություններում:

4. Անհրաժեշտ է յուրաքանչյուր դեպքով իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկում և ուժեղացնել վերահսկողությունը սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների նկատմամբ: Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր տարեկան հաղորդման մեջ տեղ գտած խնդիրները, որոնց առնչվում են մարդկանց մասնակի, արտոնյալ պայմաններով, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու ոլորտում առկա խնդիրներին»։

| | |
2562 | 0
Facebook