Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լեգենդար Ալ Պաչինոն դարձավ 79 տարեկան

17:05, հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.
Լեգենդար Ալ Պաչինոն դարձավ 79 տարեկան

Կցանկանայի պատմության մեջ հայտնվել որպես մարդ, ով ապրել է 250 տարի։

Ալ Պաչինո

Թատրոնի և կինոյի լեգենդար դերասան Ալ Պաչինոն այսօր դառնում է 79 տարեկան:
     Նա առավելապես հայտնի է իր գանգստերական և մաֆիայի մասին ֆիլմերում կերտած հերոսներով, որոնցից ամենանշանավորներն են Մայքլ Կոռլեոնեն` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» և Տոնի Մոնտանան` «Սպիով դեմքը» ֆիլմերում: «Կնոջ բույրը» ֆիլմում խաղացած պաշտոնաթող կույր զինվորական Ֆրենկ Սլեյդի դերի համար Ալ Պաչինոն արժանացել է Օսկարի:
     «Երբ ես առաջին անգամ հաջողության հասա, իմ կողքին ոչ ոք չկար, ով ուրախանար իմ ձեռքբերումներով»,- անկեղծացել է դերասանը: Ալ Պաչինոն ընդամենը 22 տարեկան էր, երբ մահացել են մայրն ու պապիկը, հենց այդ ժամանակ էլ անկում է ապրել նորահայտ արվեստագետի կարիերան: «Չունեի աջակցություն, ինչն էլ պատճառ դարձավ, որ սկսեմ հաջողություններս կիսել ալկոհոլի շշի հետ: Օր օրի ավելի շատ էի խմում»,- ասել է դերասանը, ով տարիներ անց` շնորհիվ իր տաղանդի ու կամքի, դարձավ աշխարհահռչակ` 1969թ. նորամուտն ազդարարելով կինոյում:

«Հասկացեք, մեզնից ոչ ոք չի կարող ամեն օր ոգևորված լինել։ Մենք բոլորս շնչակտուր ենք լինում։ Բոլորս էլ վշտանում ենք։ Բոլորս էլ հոգնում ենք։ Փաստը, որ դուք ուժասպառ եք եղել ու հոգնել եք կյանքից, բոլորովին էլ չի նշանակում, թե դուք դոփում եք տեղում։ Բոլոր նրանք, ովքեր ձեզ երբևէ հիացրել են, գոնե մի անգամ պարտություն են ապրել երազանքը հետապնդելիս։ Բայց դա չի խանգարել նրանց հասնելու իրենց նպատակներին։ Ձեզ թույլ մի տվեք հանձնվել՝ ինչ էլ որ անելու լինեք՝ ամենօրյա կենցաղը լինի, թե մեծ ու հսկայական ծրագրեր իրագործելը։
     Երբ հոգնած եք, շարժվեք դանդաղ։ Շարժվեք հանգիստ, անշտապ։ Բայց մի կանգնեք։ Դուք միանգամայն օբյեկտիվ պատճառներով եք հոգնել։ Հոգնել եք, որովհետև շատ բան եք փոխում ու անում։ Հոգնել եք, որովհետև աճում եք։ Եվ ինչ-որ ժամանակ այդ աճը կկարողանա պետք եղածի չափ ձեզ ոգևորել»,- ասել է արտիստը։

2653 | 0
Facebook