«Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը վերանորոգված չէ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Գաբրիել Ղազարյանին
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ քննարկեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի վերանորոգման հարցը։ «Ուզում եմ անդրադառնալ նաև Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի խնդրին, որտեղ 600 երեխա է մարզվում։ Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս այն վերանորոգված չէ»,- նշեց Փաշինյանը։ «Այս հարցը քննարկվում է 2015 թվականից։ Այդ մարզադպրոցում բազում երեխաներ էին մարզվում։ Ամեն տարի մենք քաղշինկոմիտե էինք ներկայացնում վերանորոգելու ենթակա մարզադպրոցների ցանկը և այդ մարզադպրոցը միշտ առաջնահերթ է եղել։ Անցած տարի իրականացվել է նախագծային հաշվարկ, և մենք երեկ քաղշինկոմիտեի նախագահի հետ այդ թեմայի շուրջ զրուցել ենք և այսօր կամ վաղը պետք է հանդիպենք, գումարային հարցերը քննարկենք, բանակցային փուլով առաջ տանենք և շատ շտապ լուծենք այդ հարցը, որովհետև դա առաջնային հարց է»,- պատասխանեց Ղազարյանը։ «Եկեք պայմանավորվենք, որ արդեն գործնական փուլի անցնենք և շատ արագ այդ մարզադպրոցի հարցը լուծենք։ Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ հիմնանորոգման և նոր շենք կառուցելու։ Հիմնանորոգումն արժե 400-500 մլն դրամ, իսկ կառուցման տարբերակը 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Եկեք պայմանավորվենք, որ շատ արագ նախագծային հաշվարկներն իրականացնենց, նաև Արթուր Ալեքսանյանին և իր թիմին ներգրավենք, արագ որոշումներ կայացնենք, գումարը հատկացնենք և արագ սկսենք շինարարությունը։ Արձանագրենք, որ այս ոլորտում մեր քաղաքականությունը լինելու է այսպիսին։ Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են բոլորիս համար պետք է հստակ տեսնեն, որ ՀՀ-ն գնահատում է իրենց վաստակը պետության առաջ և արձագանքում է՝ հնարավորություններ ստեղծելով, որ այլ երիտասարդներ նույնպես գնան իրենց ճանապարհով։ Խնդրում եմ նաև աշխատանքների շուրջ տեղյակ պահել Արթուր Ալեքսանյանին և իր թիմին, որպեսզի աշխատանքներին համընթաց շարժվեն և տեղյակ լինեն՝ ինչպես ենք աշխատում։ Պայմանավորվեցինք արդեն, թե ինչպես պետք է առաջ գնանք։ Պետք է այլևս հարցը չձգձգվի և արագ լուծում ստանա»,- նշեց Փաշինյանը։ |