Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

17:05, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2019 թ.
Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը մեծարում է երեք մարդասերներին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից կանանց ազատագրելու, Եմենի գաղտնի բանտային ցանցը բացահայտելու և Նիգերիայում առեւանգված աղջիկներին ազատ արձակելու համար բանակցելու ազնիվ նվիրման համար:

24 ապրիլի, 2019թ.,- «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովն առանձնացրել է 2019թ. «Ավրորայի» երեք բացառիկ հերոսների, որոնց ընտրել է դրսևորած եզակի խիզախության, նվիրվածության և ազդեցության համար: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանա հնարավորություն՝ շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

2019թ. «Ավրորայի» հերոսներն են

Միրզա Դինայի՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն: Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում և ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին: Առաջնորդվելով մարդկանց փրկելու մեծագույն ցանկությամբ՝ նա կարողացել է ճանապարհներ գտնել եւ հաղթահարել բազմաթիվ բյուրոկրատական, տեղափոխման հետ կապված խոչընդոտներ՝ օգնելով ամենակարիքավորներին: Միրզա Դինային առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք կրթության հնարավորություն են տալիս անապահով աշակերտներին և օգնություն տրամադրում աղետներից տուժածներին: Դրանք են «Լյուֆթբրյուքե Իրաք» (Luftbrücke Irak) կազմակերպությունը, «ՍԻԴ» հիմնադրամը (SEED Foundation) եւ «Շայ» հիմնադրամը (Shai Fund):
     Զանա Բուկար Մուստաֆա՝ փաստաբան, «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի հիմնադիր տնօրեն (Future Prowess Islamic Foundation): Հիմնադրամի դպրոցը կրթություն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին և պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ Սամբիսայի անտառներում տեղակայված նրանց թաքստոցում և վերադարձավ այնտեղից՝ իր հետ բերելով առևանգված 21 երեխա: Տասներեք ամիս անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Շվեյցարիայի կառավարության և Նիգերիայի իշխանությունների աջակցությամբ նա բանակցեց ևս 82 աղջիկների ազատ արձակման շուրջ: Զանա Բուկար Մուստաֆան առաջադրել է երեք կազմակերպություն, որոնց նպատակն է կառուցել ուժեղ համայնք և բարելավել կառավարման մեխանիզմները, ինչն էլ կբերի հակամարտությունների նվազեցման: Դրանք են «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամը (Future Prowess Islamic Foundation), «Ադաբ» համայնքային վերականգնման հիմնադրամը (Adab Community Renewal Foundation) և «Հերվա» համայնքային զարգացման նախաձեռնությունը (Herwa Community Development Initiative):
     Հուդա ալ-Սարարի՝ փաստաբան և ակտիվիստ: Հուդա ալ-Սարարին մարդու իրավունքների պաշտպան է, որը ոգեշնչում է իր խիզախությամբ: Եմենցի այս կինը հետաքննել և բացահայտել է իր երկրում գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանությունները: Գաղտնի բանտերում անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց և տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացույցներ է հավաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին և դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) և «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպություններին, որպեսզի միջազգային այս կառույցները զբաղվեն խնդրով: Նա առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեկ և խտրականության դեմ ու հանուն հավասարության պայքարող երկու կազմակերպություն. «Ռիփրիվ» (Reprieve) կազմակերպությունը, «Իքուըլ Ռայթս Թրասթ» (Equal Rights Trust) կազմակերպությունը եւ «Վեթաք»՝ հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրամը (Wethaq Foundation for Civil Orientation):

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրված 719 հավակնորդներից, որոնցից 523-ը եղել են չկրկնվող թեկնածուներ:

4750 | 0
Facebook